11.06.13

Քաղծառայության բարեփոխումները` Համաշխարհային բանկի ուշադրության կենտրոնում

Հունիսի 11-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունել է Համաշխարհային բանկի` Հայաստանի գծով ավագ տնտեսագետ Ուլրիխ Բարչին` քննարկելու ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի զարգացմանը և դրան Բանկի կողմից օժանդակության հնարավորություններին, ծրագրերին առնչվող հարցեր:
ՀՀ ՔԾԽ նախագահը մանրամասնորեն ներկայացրեց քաղաքացիական ծառայության համակարգում պլանավորվող առաջիկա բարեփոխումների հիմնական ուղղություններն ու նպատակները, որոնք սահմանվել են Խորհդրի կողմից մշակված և ներկայումս ԵՄ SIGMA ծրագրի շրջանակներում միջազգային փորձաքննության ենթարկվող Քաղաքականության փաստաթղթում: Այդ բարեփոխումները, ըստ պարոն Բադալյանի, ուղղված են քաղաքացիական ծառայության համակարգում զբաղվածության ապահովումից կարիերային աճի փիլիսոփայությանն անցնելուն, որը դրսևորվելու է համակարգն արժեքների վրա հիմնված համալրման, ուսուցման ու վերապատրաստման նոր կառուցակարգերի ներդրման միջոցով:
Պարոն Բադալյանը նաև տեղեկացրեց, որ Խորհուրդն արդեն իսկ որոշակի նախնական քայլեր է ձեռնարկում այս ուղղությամբ: Նա առանձնացրեց Քաղաքացիական ծառայության մասին ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններն ու լրացումները, որոնցով, մասնավորապես, մեղմացվել է ատեստավորման ռեժիմն այն քաղաքացիական ծառայողների համար, ովքեր տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում արդեն մեկ անգամ ատեստավորվել են: Բացի դրանից` կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող հավաստագրման թեստավորման հարցաշարերը վերանայվում են` օրենսդրությունից տեղեկացվածությունը, և հատկապես դիմորդների ընդհանուր գիտելիքները ստուգելու, համակարգն ավելի բանիմաց ու գրագետ կադրերով համալրելու նպատակով:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման անհրաժեշտությանը, ինչպես նաև այդ գործընթացի իրականացմանը ՀԲ-ի կողմից աջակցության հնարավորություններին վերաբերող խնդիրները: Պարոն Բարչը նշեց, որ պաշտոնների գնահատումն անկյունաքարային նշանակություն ունի դրանց զբաղեցման համար առաջադրվող պահանջների, գործառույթների ու պատասխանատվության ավելի հստակ նկարագրման առումով, որը նաև հիմք կհանդիսանա քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականը որակական չափորոշիչներով գնահատելու համար: Նա նշեց, որ այս հարցում առկա է համագործակցության լայն հնարավորություն:
Անդրադարձ է կատարվել նաև ՀԲ-ի աջակցությամբ համակարգում իրականացված ծրագրերի արդյունավետությանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ