05/04/2011

Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման նոր նախաձեռնություններ

   

Ապրիլի 5-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանն ընդունեց Ժնևի կառավարման կենտրոնի Հարավային Կովկասի համար տարածաշրջանային վերապատրաստման կիրառական կրթության հասցեական ծրագրերի ղեկավար Վալերի Դ’Հյոդթ Մեյերին: Հանդիպման ընթացքում քննարկվեցին Կենտրոնի և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի միջև հետագա համագործակցության ընդլայնման հնարավորությունները վերապատրաստման ոլորտում: Անցած տարի նշված ծրագրի շրջանակներում Հայաստանում վերապատրաստվել է 30 քաղաքացիական ծառայող: Երկկողմանի ցանկություն հայտնվեց գործընթացը դարձնել շարունակական` նախապես քաղաքացիական ծառայության համակարգում վերապատրաստման կարիքների խորքային գնահատում իրականացնելով` ավելի նպատակային ու հասցեական ծրագրեր մշակելու և իրականացնելու համար: Պարոն Վասիլյանը հավաստիացրեց, որ ՀՀ ՔԾԽ-ի համար կարքիների գնահատման գործընթացը առաջնային կարևորություն ունի և ՔԾԽ –ն պատրաստ է աջակցել կազմակերպչական առումով: Կողմերը քննարկեցին նաև վերապատրաստողների վերապատրաստման ծրագրեր իրականացնելու հնարավորությունները: Արդեն 10 տարի Հայաստանում գործող այս կենտրոնը ֆինանսավորվում է Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության կողմից, որի հետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը 2010թ. նոյեմբերին ստորագրել է փոխըմբնման հուշագիր: Վերջինիս շրջանակներում համագործակցությունն ուղղված է հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի, քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ