30/08/2011

Հանդիպում Վայոց ձորի մարզում

   

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի պատվիրակությունը ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ ղեկավարությամբ օգոստոսի 5-ին այցելեց Վայոց ձորի մարզ և մարզպետարանում հանդիպում ունեցավ Վայոց ձորի մարզպետ ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆԻ և մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայողների հետ:
Սերգեյ Բագրատյանը, ողջունելով հյուրերին, նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգի անցած տասնամյա ճանապարհին զգացել են Խորհրդի նախագահի և Խորհրդի անդամների աջակցությունը համակարգի առջև ծառացած խնդիրները լուծելու գործում:
Մանվել Բադալյանն անդրադարձավ համակարգի անցած ճանապարհին, Խորհրդի ձեռքբերումներին և համակարգի խնդիրներին: Նա նշեց, որ քաղաքացիական ծառայության համակարգը ստեղծվել է պետական կառավարման համակարգի բարեփոխումների արդյունքում միասնական կադրային քաղաքականություն իրականացնելու, պետական ապարատը քաղաքական ուժերի հարաբերակցության փոփոխություններից առաջացած կադրային ցնցումներից զերծ պահելու, քաղծառայողների իրավական պաշտպանվածությունը և օրինական շահերը պաշտպանելու նպատակով:
□Այս տարի պատրաստվում ենք նշելու ՀՀ ՔԾ խորհրդի ստեղծման 10-ամյակը: Ինձ թույլ եմ տալիս վստահաբար ասել, որ Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգը կայացած է և զարգացման կարևոր փուլում է,- ասաց Մանվել Բադալյանը:- Կարծում եմ` այս հարցում ինձ հետ համամիտ են համակարգի ներդրման օրվանից մեզ հետ աշխատողները□:
Վայոց ձորի մարզպետարանի քաղծառայողների մեծամասնությունը անցել է 10-ամյա այդ ճանապարհը, և Խորհրդի նախագահի հավաստմամբ` նրանք բոլորն էլ իրենց բնագավառում արհեստավարժ են: Մանվել Բադալյանը նշեց, որ համակարգը ակտիվ գործում ու զարգանում է, և իր գոհունակությունը հայտնեց այն փաստի առթիվ, որ այս 10 տարվա ընթացքում զգալիորեն շտկվել են որոշ թերություններ, մեծացել է վստահությունը համակարգի նկատմամբ: Այնուամենայնիվ, դեռևս կան խնդիրներ, որոնք լուծում են պահանջում: Հանդիպման ընթացքում Վայոց ձորի մարզպետարանի աշխատակազմի քաղծառայողները բարձրացրին մի շարք հարցեր, որոնցից մեկը քաղծառայողների ցածր աշխատավարձներ: Նրանք դժգոհեցին այն փաստից, որ վերջին հինգ տարվա ընթացքում բազային դրույքաչափի չի փոխվել: Քաղծառայողներին հետաքրքրում էր նաև, թե քաղծառայողները կենսաթոշակի անցնելիս ի՞նչ արտոնություններից պետք է օգտվեն: Հնչեց նաև մեկ աշխատողով ձևավորված բաժինների վերանայման հարցը:
ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը պատասխանեց իրեն ուղղված բոլոր հարցերին: Հանդիպման վերջում ՔԾ խորհրդի կողմից պատվոգրեր հանձնվեցին մի շարք քաղաքացիական ծառայողների:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ