13.11.12

ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանի աշխատանքային այցն Ուկրաինա

 

Նոյեմբերի 8-10-ը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի գլխավորած պատվիրակությունը աշխատանքային այցով գտնվում էր Ուկրաինայում` մասնակցելու Ինստիտուցիոնալ կարողությունների զարգացման տարածաշրջանային 6-րդ ամենամյա կոնֆերանսին: Այն կազմակերպել էր Ուկրաինայի Քաղաքացիական ծառայության ազգային գործակալությունը` Ուկրաինայի նախագահի աշխատակազմի և Եվրոպայի հանձնաժողովի աջակցությամբ: Կոնֆերանսի նպատակն էր կիսել փորձառությունը եվրոպական ինստիտուցիոնալ կառուցման գործիքների` Թվինինգի, ԹԱՅԵՔՍ և ՍԻԱՅԲԻ ծրագրերի իրականացման շուրջ, ինչպես նաև` Արևելյան գործընկերության տարածաշրջանում համագործակցությունը ՍԻԳՄԱ ծրագրի հետ: Կոնֆերանսի աշխատանքներին մասնակցել են ներկայացուցիչներ Եվրոպական հանձնաժողովից, Ուկրաինայում ԵՄ-ի անդամ երկրներից, SIGMA ծրագրից, Արևելյան գործընկերրության երկրներում և պետական կառույցներում Թվինինգ ու ԹԱՅԵՔՍ գործիքների և ՍԻԱՅԲԻ ծրագրի կոորդինատորներ:

Հայաստանյան պատվիրակությունը Կոնֆերանսում հանդես է եկել զեկույցով` «Բարեփոխումների անհրաժեշտությունը ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգում» թեմայով: Կոնֆերանսի շրջանակներում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը հանդիպեց Ուկրաինայի քաղաքացիական ծառայության ազգային գործակալության ղեկավար Վյաչեսլավ Տոլկովանովին: Հանդիպման ընթացքում քննարկվել են կոնֆերանսի արդյունքները, Հայաստանի և Ուկրաինայի քաղաքացիական ծառայության համակարգերի միջև համագործակցության նոր հնարավորությունները: Կողմերը նաև պատրաստակամություն են հայտնել շարունակելու և զարգացնելու 2009թ-ին կնքված համագործակցության հուշագրով նախատեսված գործակցության ծրագրերը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ