31.05.13

ՀՀ քծխ նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց ԶՀՇԳ Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխի գլխավորած պատվիրակությանը:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալության Հարավային Կովկասի զարգացման ծրագրի տարածաշրջանային տնօրեն Ռուդոլֆ Շոխի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաև ծրագրի հայաստանյան ներկայացուցչության ղեկավար Լուկաս Լյուշերը, ինչպես նաև ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Կողմերը նպատակ ունեին քննարկելու ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև հաստատված համագործակցությունը առաջիկա տարիներին շարունակելու հեռանկարները և հնարավոր ուղղությունները:
ՀՀ ՔԾԽ-ի և ԶՀՇԳ-ի միջև 2010թ. կնքված հուշագրով ընդհանուր նպատակներ էին սահմանվել Հայաստանի քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացումը` հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի, ինչպես նաև քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացումը: Ծրագիրն իրականացվել է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների, որակավորման բարձրացման և այլ ձևերով:
Ողջուներով հյուրերին` ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն իր գոհունակությունը հայտնեց անցած տարիներին համատեղ մշակված ծրագրերի և միջոցառումների իրականացման ծավալից ու որակից: Նա Խորհրդի պատրաստակամությունը հայտնեց ընդլայնելու համատեղ իրականացվող նախագծերի շրջանակը: Առաջարկվեց ուշադրություն դարձնել քաղաքացիական ծառայողներին վերապատրաստողների վերապատրաստմանը, ինչպես նաև վերապատրաստումների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով օգտագործել ներկայումս քաղաքացիական ծառայության ոլորտում ներդրվող առցանց վերապատրաստման նոր համակարգը:
ՀՀ ՊԿԱ ռեկտոր պարոն Լոքյանը բարձր գնահատեց ԶՀՇԳ-ի հետ համատեղ իրականացված վերապատրաստումները և սեմինարները` նշելով, որ դրանց արդյունավետությունն ավելի բարձրացնելու համար անհրաժեշտ է վերապատրաստման ծրագրերն ավելի թիրախային ու հասցեական դարձնել:
Պարոն Շոխը ապագա ծրագրերի պլանավորման տեսանկյունից կարևոր համարեց ներկայացված առաջարկությունները` հայտնելով շվեյցարական կողմի պատրաստակամությունը` առաջիկայում ավելի մանրամասն քնարկելու դրանց կենսագործման մեխանիզմները և ձևաչափերը:
Զարգացման և համագործակցության շվեյցարական գործակալությունը (ԶՀՇԳ) գործում է Շվեյցարիայի Արտաքին գործերի Դաշնային դեպարտամենտի միջազգային համագործակցության գործակալության ներքո: Այն սատարում է տարաբնույթ կազմակերպությունների ծրագրերին, ֆինանսական աջակցություն է ցուցաբերում Շվեյցարիայի և միջազգային օգնության այլ կազմակերպությունների կողմից առաջարկվող ծրագրերին` տարածաշրջանային և ընդհանուր համագործակցության, հումանիտար օգնության ոլորտներում:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ