07/12/2011

Սեմինար` բարեփոխումներին ընդառաջ

   

Դեկտեմբերի 6-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը և ԵՄ OESD/SIGMA ծրագիրը համատեղ UNDP-ի աջակցությամբ կազմակերպել էին  “ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներ” թեմայով սեմինար-խորհրդակցություն` քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 46 պետական կառավարման մարմինների աշխատակազմերի ղեկավարների մասնակցությամբ:

Սեմինարի նպատակն էր քննարկել համակարգի ներդրման և կայացման անցած 10 տարիների հիմնական արդյունքները, ներկայումս համակարգի առջև ծառացած հիմնախնդիրները, զարգացման ուղղություններն ու հեռանկարները: Քաղաքացիական ծառայության ղեկավարման և կազմակերպման մարմիններ հանդիսացող աշխատակազմերի ղեկավարներին ներկայացվեց քաղաքացիական ծառայության ոլորտում ծրագրվող բարեփոխումների ուղղություններն ու նպատակները, համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու անհրաժեշտությունն ու մեխանիզները:

Իր բացման խոսքում և ամփոփիչ ելույթում ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը խոսեց համակարգի բարեփոխումների անհրաժեշտության և դրանում աշխատակազմերի ղեկավարների ներգրավվածության և դերակատարության մասին: Նա նշեց, որ բարեփոխումներն անդրադառնալու են համակարգի բոլոր ոլորտներին` թափուր պաշտոնների մրցույթներին, քաղաքացիական ծառայողների ատեստավորումներին և վերապատրաստումներին, քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողանակի գնահատման ներդրվող ինստիտուտին և այլն: “Ժամանակի ընթացքում պետք է կարողանանք հնարավորինս կայուն և մասնագիտական գործունեություն իրականացնող աշխատակազմեր ձևավորել: Հիմա որակապես նոր խնդիրներ են առաջ եկել, որոնց համար նոր լուծումներ են անհրաժեշտ, առանց որոնց դժվարություններ շատ կլինեն”,-ասավ պարոն ԲադալյանըԽորհրդի նախագահն անդրադարձավ նաև որոշ մարմիններում քաղծառայողներին անձնական դիմումների համաձայն աշխատանքից ազատելու հետ կապված լրատվամիջոցների բարձրացրած հարցադրումներին` նշելով, որ նաև աշխատակազմի ղեկավարների խնդիրն է նման երևույթները կանխելն ու քաղաքացիական ծառայողների իրավունքների պաշտպանության հարցում ավելի սկզբունքային մոտեցումներ ցուցաբերելը:

Զեկույցով հանդես եկավ ԵՄ ՍԻԳՄԱ ծրագրի ավագ խորհրդատու Ջուլիո Նաբաիսը` անդրադառնալով քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումների իրագործման մեխանիմզներին և արդյունավետությանը: 2009-10թթ. ՍԻԳՄԱ-ն ՀՀ ՔԾԽ-ի առաջարկությամբ իրականացրել է Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի արդյունավետության գնահատման մոնիթորինգ և, հիմնվելով արդյունքների վրա, ներկայացրել մի շարք առաջարկություններ` հաշվի առնելով ԵՄ անդամ, ինչպես նաև արևելաեվրոպական երկրներում իրականացված ոլորտի բարեփոխումների արդյունքները: Ներկայումս ՍԻԳՄԱ-ն համագործակցում է ՀՀ ՔԾԽ-ի հետ` համակարգի զարգացման հայեցակարգային լուծումներ մշակելու հարցում:

Ելույթներից հետո տեղի ունեցան ակտիվ, շահագրգիռ քննարկումներ, որոնց հիմնական արդյունքները հաշվի են առնվելու ոլորտի զարգացման հայեցակարգի մշակման ներկայումս ընթացող աշխատանքներում:                                                                                                                                                       Գ.ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

05.12.2011

 

 

 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ