19/01/2012

Շնորհակալագրեր` համակարգի կայացմանը նպաստելու համար

   

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ հունվարի 19-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խոր­հր­դում տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր հանձնեց գիտաուսումնական հաստատությունների 6 ներկայացուցիչների, որոնք առավել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճությամբ են մոտեցել թափուր պաշտոնների զբաղեցման մրցութային և քաղաքացիական ծառայողների ատեստավորման հանձնաժողովների աշխատանքներին իրենց մասնակցությանը: Խորհուրդը նաև շնորհակալագրեր հանձնեց  9 լրատվա­միջոցների, որոնք համակարգում ընթացող գործընթացների լուսաբանման, առկա խնդիրների բացահայտման ու քննարկման հարցում ցուցաբերած առավել հետևողականությամբ ու սրտացավ վերաբերմունքով նպաստել են համակարգի կայացմանը:
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանն իր խոսքում նշեց, որ նման համակարգերը հեշտությամբ չեն ներդրվում ու զարգանում, և դրա համար, բացի ղեկավարման և կազմակերպման մարմիններից, անհրաժեշտ է նաև ողջ հանրության և քաղաքացիական հասարակության աջակցությունը, ինչպես նաև հանրապետության մտավոր ներուժի, պետական կառավարման մարմինների ներգրավումը, ինչը եղել են ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հիմնական առաջնայնություններից մեկը:
Քաղաքացիական ծառայության համակարգը Հայաստանում ներդրվել է 2001թ. դեկտեմբերին ընդունված և 2002թ. հունվարից ուժի մեջ մտած <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքի հիման վրա: 2002-ի հունվարին ՀՀ նախագահի հրամանագրերով նշանակումներ են կատարվել ՔԾԽ նախագահի, տեղակալի և 5 անդամների պաշտոններում, որից հետո սկսվել են երթաօրենսդրական դաշտի մշակման և ընդունման աշխատանքները: Այսօր համակարգում 47 պետական մարմիններ են, քաղաքացիական ծառայության թվով 7643 պաշտոններով: Անցած 10 տարիներին համակարգում կայացել է մոտ 8 հազար թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթ, որոնց մասնակցել է ավելի քան 30 հազար քաղաքացի: Ներկայումս մշակվում է համակարգի զարգացման հայեցակարգը:                                                         

 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ