26.04.13

Օրենսդրական հերթական փոփոխությունների նպատակները

2013 թվականի մարտի 19-ին ՀՀ Ազգային ժողովն ընդունեց «Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի հերթական նախագիծը: Օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունն առաջացել էր քաղաքացիական ծառայության համակարգում առկա նոր իրողությունների կարգավորման, տարատեսակ մեկնաբանությունների տեղիք տվող որոշ նորմերի և ընթացակարգերի հստակեցման նպատակով: Ըստ այդմ, կարելի է առանձնացնել փոփոխությունների 5 ուղղություն:

Առաջինը վերաբերում է առավելագույն դասային աստիճանների շնորհման ընթացակարգերի հստակեցմանը: Ինչպես հայտնի է, քաղաքացիական ծառայողին իր զբաղեցրած պաշտոնի համար նախատեսված դասային աստիճանից ավելի բարձր աստիճան կարելի էր շնորհել, եթե դրանից հետո անցել էր առնվազն երեք տարի: Խոսքն, իհարկե, չի վերաբերում քաղծառայության բարձրագույն դասային աստիճան ունեցողներին: Կատարվող փոփոխությամբ դրա համար ավելացվում է նոր պայման, ըստ որի` քաղաքացիական ծառայողն ավելի բարձր դասային աստիճան կարող է ստանալ, եթե երեք տարի անընդմեջ է զբաղեցրել տվյալ պաշտոնը, որը ներառում է նաև քաղաքացիական ծառայության կադրերի կարճաժամկետ ռեզերվում գտնվելու ժամանակահատվածը: Եթե այդ ընթացքում անձը ազատվել է զբաղեցրած պաշտոնից և նշանակվել քաղաքացիական ծառայության նոր պաշտոնում, ապա նա կարող է այդ տարբերակով ավելի բարձր դասային աստիճան ստանալ միայն այն դեպքում, եթե ազատվելուց հետ նոր պաշտոնին նշանակվել է մեկ ամսվա ընթացքում: Այս փոփոխության անհրաժեշտությունն զգացվում էր վաղուց, որովհետև օրենքի նախկին համապատասխան ձևակերպումներն այս հարցում ճկունություն ցուցաբերելու և քաղծառայողի` աշխատանքից ազատման ու նշանակման հետ կապված իրավիճակային առանձնահատկությունները տարբերակելու հնարավորություն չէին տալիս:

Երկրորդ կարևոր փոփոխությունը պայմանավորված է «Ներքին աուդիտի մասին» ՀՀ օրենքի պահանջների կատարմամբ, որը նախատեսում է հանրային ծառայության բոլոր մարմիններում ներքին աուդիտի ստորաբաժանման և աուդիտորների պաշտոնների ստեղծում: Թեև քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում դրանք ընդգրկվելու են քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում, սակայն, հաշվի առնելով նրանց վերապահվող առանձնահատուկ դերն ու նշանակությունը, այս փոփոխություններով սահմանվում է, որ ներքին աուդիտի ստորաբաժանման ղեկավարին և աուդիտորներին պաշտոնի նշանակելու կամ ազատելու է միայն մարմնի ղեկավարը` առանց հաշվի առնելու, թե քաղծառայության պաշտոնների որ խմբին են նրանք պատկանելու:

Կատարվող փոփոխությունների մի մասն էլ վերաբերում է կրտսեր պաշտոն զբաղեցնելու հետ կապված իրավահարաբերությունների հստակեցմանը: Ինչպես հայտնի է` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնում նշանակում կատարվում է առանց մրցույթի` համապատասխան հավաստագիր ունեցող անձի կողմից: Կատարված փոփոխություններով հստակեցվում է, որ առանց հավաստագրի կրտսեր թափուր պաշտոնները կարող են զբաղեցվել միայն արտամրցութային կարգով նշանակման հնարավորության դեպքում, որը կարող է ի հայտ գալ նաև մարմնի վերակազմակերպման և կառուցվածքային փոփոխությունների հետևանքով քաղաքացիական ծառայության պաշտոնների անվանացանկում առաջացած նոր պաշտոնները համալրելու անհրաժեշտության պարագայում:

Կրտսեր պաշտոնների զբաղեցման հետ կապված կատարվում է ևս մեկ կարևոր փոփոխություն: Ըստ այդմ` սահմանվում է, որ կրտսեր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող հավաստագրման թեստավորման հարցաշարերը ձևավորվելու են ՀՀ ՔԾԽ-ի կողմից սահմանված բնագավառներում ստուգելու համար: Նախկինում օրենքը հստակեցնում էր, որ հարցաշարերը կազմվում են կոնկրետ երկու բնագավառից` ՀՀ Սահմանադրությունից և քաղաքացիական ծառայության օրենսդրությունից մասնակիցների գիտելիքներն ստուգելու համար: Մոտեցումը փոփոխվում է, որպեսզի հնարավոր լինի ոչ միայն ստուգել օրենսդրությունից մասնակիցների գիտելիքները, այլ նաև որոշել նրանց ընդհանուր զարգացվածության, տեղեկացվացության մակարդակը, գիտելիքների ընդհանուր պաշարը: Սա նշանակում է, որ առաջիկայում կրտսեր պաշտոնների համալրման համար անցկացվող հավաստագրման թեստավորումների հարցաշարերը հարստացվելու են բովանդակային առումով նոր հարցերով:

Եվս մեկ կարևոր փոփոխություն տեղի է ունենում փաստաթղթային ատեստավորման համակարգում: Ինչպես հայտնի է, փաստաթղթային ատեստավորման ենթակա են միայն այն քաղաքացիական ծառայողները, ովքեր ունեն տվյալ պաշտոնի համար նախատեսված առավելագույն դասային աստիճան: Եթե օրենսդրական փոփոխությունների այս նախագիծն ընդունվի, ապա փաստաթղթային ատեստավորման հնարավորություն կստանան նաև այն քաղաքացիական ծառայողները, ովքեր տվյալ պաշտոնն զբաղեցնելու ընթացքում արդեն մեկ անգամ ատեստավորվել են: Սա թե զգալիորեն կթեթևացնի և կբեռնաթափի ատեստավորումների կազմակերպման գործընթացը, թե քաղաքացիական ծառայողներին կազատի նույն գործընթացով անընդհատ անցնելու խնդրից: Այս փոփոխությունը, կարելի է ասել, բխում է ատեստավորման համակարգը լրջորեն բարեփոխելու ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի որդեգրած քաղաքականությունից, որը կարող է հետագայում նաև այլ դրսևորումներ ունենալ:

«Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ սույն օրենքն արդեն ստորագրվել է ՀՀ Նախագահի կողմից: Բայց այն ուժի մեջ կմտնի միայն պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրվանից:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ