ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի մամլո ասուլիսը <<Հայելի>> ակումբում

   

2010 թվականը Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի համար առանձնացել է հատկապես երկու առումով` ընթացող բարեփոխումներով, որոնք պայմանավորված են օրենսդրական վերջին փոփոխություններով, և միջազգային համագործակցության շրջանակների ընդլայնմամբ: Այս և քաղաքացիական ծառայության համակարգին առնչվող մի շարք խնդիրների անդրադարձավ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նոյեմբերի 29-ին ՙՀայելի՚ ակումբում հրավիրված մամուլի ասուլիսի ընթացքում: Քաղաքացիական ծառայության խորհուրդը 2010 թվականին համագործակցության հուշագրեր է կնքել միջազգային մի քանի կազմակերպության, Իռլանդիայի և Կիպրոսի Հանրապետությունների համապատասխան պետական կառույցների հետ: Իսկ Լիբանանի հետ ավելի սերտ գործակցություն ծավալելու հեռանկարներ են բացվել: Դրանց արդյունքում մշակվել են նաև աշխատանքային համատեղ ծրագրեր, որոնք կիրականացվեն առաջիկա տարիներին: Խորհրդի նախագահը լրագրողներին նաև տեղեկացրեց, որ Դուբլինում այս տարի կայացած քաղաքացիական ծառայության համակարգերի եվրոպական ցանցի ամենամյա կոնֆերանսի ընթացքում որոշվել է հաջորդ տարի Երևանում անցկացնել ՙՄասնագիտությունը հեռանկարում՚ խորագրով միջազգային ամենամյա համաժողովը: Դա ինչ-որ առումով պայմանավորված է նաև նրանով, որ 2011թ. դեկտեմբերին լրանում է ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ՀՀ օրենքի ընդունման, իսկ 2012թ. հունվարին ՀՀ ՔԾ խորհրդի ձևավորման, այսինքն` Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման տասնամյակը: Պարոն Բադալյանը, անդրադառնալով միջազգային համագործակցության ծրագրերին, նշեց, որ դրանք ուղղված են համակարգի կատարելագործմանը և կադրերի վերապատրաստման գործընթացն առավել արդյունավետ դարձնելուն: Ինչ վերաբերում է համակարգում ընթացող բարեփոխումներին, ապա դրանց համար նախադրյալներ են ստեղծել ՙՔաղաքացիական ծառայության մասին՚ ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխությունները, որոնք արդեն մտել են ուժի մեջ, և որոնց հիման վրա ՀՀ ՔԾ խորհուրդն արդեն ընդունել է համապատասխան ենթաօրենսդրական ակտեր և մրցութային ընթացակարգերը համապատասխանեցրել այդ փոփոխություններին: Մասնավորապես, կրտսեր թափուր պաշտոնների համար այլևս մրցույթներ չեն հայտարարվելու: Փոխարենը եռամսյակը մեկ անցկացվելու է հավաստագրման թեստավորում, որի արդյունքում թեստավորման փուլը հաղթահարած քաղաքացիներին տրվելու են հավաստագրեր, որոնք ուժի մեջ են լինելու մեկ տարի: Այդ հավաստագրերով էլ նրանք դիմելու են այն պետական մարմիններին, որոնց աշխատակազմերում կառաջանան կրտսեր թափուր պաշտոններ: ՙԱյս պաշտոններին հավակնում են հիմնականում երիտասարդները, շրջանավարտները, քանի որ ստաժի ու կրթության հետ կապված մեծ պահանջներ չեն առաջադրվում: Եվ ստացվում է այնպես, որ նույն երիտասարդները ստիպված են լինում շարունակաբար մասնակցել բոլոր կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներին: Նոր կարգը նրանց կազատի դրանից, և մեկ անգամ թեստավորմանը մասնակցելով` նրանք մեկ տարի այլևս մրցութային գործընթացին մասնակցելու անհրաժեշտություն չեն ունենա: Այս տեսանկյունից կատարված փոփոխությունն ինչ-որ տեղ մարդասիրական է՚,- պարզաբանեց պարոն Բադալյանը և նշեց, որ 2010 թվականին օրենսդրական փոփոխություններ են կատարվել, և դրանք շարունակվելու են, քանի որ քաղաքացիական ծառայության համակարգը զարգացող համակարգ է, և օրենքում կատարվող փոփոխություններն ուղղված են համակարգի գործունեությունն առավել արդյունավետ դարձնելուն: Մյուս առանցքային փոփոխությունն առնչվում է բարձրագույն, գլխավոր և առաջատար թափուր պաշտոնների զբաղեցման համար անցկացվող մրցույթներին: Մասնավորապես, մրցույթի արդյունքում քվեարկությամբ հաղթող ճանաչելու ընթացակարգը փոխարինվում է միավորների սանդղակային (բալային) համակարգով, և սահմանափակվում է հաղթողների թիվը: Այսինքն` մրցույթի արդյունքում հաղթող կճանաչվի առավելագույն միավորներ ստացած երեք քաղաքացի: ՙՄենք սա դիտարկում ենք որպես գործընթացն է՜լ ավելի անաչառ դարձնող ճիշտ գործոն: Սակայն, միևնույն ժամանակ, այն մեթոդապես բավական դժվար է իրականացնել, որովհետև դա ենթադրում է նաև, որ պետք է ստեղծվի պրոֆեսիոնալ գնահատողների ինստիտուտ: Առաջին հայացքից թվում է, թե մենք պիտի գնայինք մեկ մրցույթ-մեկ հաղթող սկզբունքով, սակայն իրականում մենք դեռևս պատրաստ չենք դրան, քանի որ հարցաշարերը, որոնց միջոցով կարողանում ենք բացահայտել լավերին, այնքան կատարյալ չեն, որպեսզի կարողանանք վստահորեն մեկ հաղթող ապահովել: Մյուս կողմից` նշանակման իրավասություն ունեցող պաշտոնատարներն էլ այն կարծիքին են, որ գոնե երկու-երեք հոգու միջև իրենք ընտրություն կատարելու հնարավորություն պետք է ունենան՚,- ասաց պարոն Բադալյանը: Լրագրողներն անդրադարձան մի քանի ամիս առաջ ՀՀ կառավարության նիստի ընթացքում ՀՀ ՔԾ խորհրդի նախագահի հնչեցրած մտահոգությանը քաղծառայության համակարգում ընդգրկված պետական մարմինների աշխատակազմերում քաղաքացիական ծառայողների կուսակցականացման միտումների վերաբերյալ: Լրագրողներին հետաքրքրում էր այն հարցը, թե այս ամիսների ընթացքում այդ առումով ի՞նչ փոփոխություն է նկատվել: ՙԱնկեղծորեն պետք է ասեմ, որ այդ հայտարարությունն իր պտուղներն ինչ-որ չափով տվել է: Անհրաժեշտության դեպքում, երբ զգանք, որ այդ խնդիրը նորից է հասունանում, մենք կրկին նման առաջարկով հանդես կգանք: Ես եղել և մնում եմ այն կարծիքին, որ քաղաքացիական ծառայության համակարգն այսքան կուսակցականացնելը ոչ միայն չի բխում քաղաքացիական ծառայության շահերից, այլև չի բխում պետական կառավարման համակարգի արդյունավետ գործունեության կազմակերպման հրամայականից: Բայց, հուրախություն մեզ, մեր բարձրացրած մտահոգությունը հիմնականում ճիշտ է ընկալվել, և միջամտություններն ու միջնորդությունները նվազել են՚: Անդրադառնալով այն հարցին, թե որքանով են այսօր նվազել կուսակցականացման միտումները, և թե ինչ լծակներ ունի Խորհուրդն այս առումով, պարոն Բադալյանն ասաց. ՙՆման լծակներ մենք չունենք, որովհետև մեր իրավասություններից դուրս է զբաղվել մարդկանց կուսակցական պատկանելությամբ: Մեր խնդիրը դա չէ, այլ այն, որ ցանկանում ենք զարգացնել ու ամրապնդել այս համակարգը և շեշտում ենք, որ այդ գործում նման երևույթները լուրջ խոչընդոտներ են: Ես մի առիթով ասել եմ, որ կան երկրներ, որտեղ քաղաքացիական ծառայողներին արգելվում է լինել որևէ կուսակցության ներկայացուցիչ: Ուրախ կլինեմ, եթե մեզանում էլ նման իրավական դրույթ լինի, որովհետև դա իրապես կնպաստի կայուն, պաշտպանված պետական կառավարման համակարգի ձևավորմանը՚: Լրագրողներին հետաքրքրում էր նաև վերջերս մի քանի քաղաքացիական ծառայողի աշխատանքից ազատելու հանգամանքը, ինչպես նաև ՔԾ խորհրդի կողմից իրականացված որոշ ծառայողական քննություններին վերաբերող հարցերը: Այն հարցին, թե արդյոք քաղաքացիական ծառայողին աշխատանքից ազատելու մասին ՀՀ վարչապետի հնչեցրած միտքը անուղղակի պարտադրանք չէ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նկատմամբ, պարոն Բադալյանը պատասխանեց. ՙՎարչապետի խոսքը, ձևակերպումը նշանակում էին, որ եթե կա քաղաքացիական ծառայողի պաշտոնանկության հիմք, օրենքով սահմանված կարգով պետք է սկսել այդ գործընթացը: Դրա համար անհրաժեշտ է անցկացնել ծառայողական քննություն, ինչի արդյունքում էլ կպարզվի` անհրաժե՞շտ է ազատել քաղծառայողին իր զբաղեցրած պաշտոնից, թե` ոչ: Գյուղատնտեսության նախարարը, առանց ծառայողական քննություն անցկացնելու, պաշտոնից չազատեց աշխատակազմի բուսասանիտարիայի տեսչության պետին: Ի վերջո, պետք է նկատի ունենալ մի կարևոր հանգամանք. եթե քաղաքացին դիմի դատարան, պաշտպանվող կողմը մենք` ՀՀ ՔԾ խորհուրդն է լինելու: Եվ բնականաբար ձգտում ենք այնպես անել, որ ծառայողական քննության արդյունքները լինեն անխոցելի՚,- ասաց պարոն Բադալյանը: Մանվել Բադալյանը հատուկ անդրադարձավ վերջին օրերին մի քանի մարմնի աշխատակազմերի ղեկավարների` պաշտոնավարման ժամկետները չերկարաձգելու փաստին: ՙՆախկինում օրենքով սահմանված էր, որ աշխատակազմերի ղեկավարները պաշտոնի են նշանակվում պաշտոնավարման կոնկրետ ժամկետով` 4 տարով, որը լրանալուց հետո այդ ժամկետը կարող է երկարաձգվել ևս մեկ անգամ` 4 տարով: Այս կետը փոխվեց, և այսօր գործող աշխատակազմերի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը կարող է երկարաձգվել մինչև նրանց թոշակի անցնելու տարիքը: Եթե 2010 թվականի նոյեմբերին այս փոփոխությունը չլիներ, ապա 2002 թվականից առ այսօր պաշտոնավարող աշխատակազմերի ղեկավարները պետք է դադարեցնեին իրենց գործունեությունը: Բնապահպանության, Առողջապահության, Կրթության և գիտության նախարարությունների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնավարման ժամկետները պարզապես չեն երկարաձգվել՚:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ