24.05.13

ՀԲ-ն աջակցում է քաղաքացիական ծառայության բարեփոխումներին

Մայիսի 23-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն ընդունեց Համաշխարհային Բանկի ավագ տնտեսագետ Իգարա դե Սիլվայի գլխավորած պատվիրակությանը` քննարկելու համար քաղաքացիական ծառայության համակարգի կատարելագործմանն ուղղված բարեփոխումներին ընդառաջ ՀԲ-ի հետ համագործակցության ուղղությունները:

Պարոն դե Սիլվան արդյունավետ գնահատեց ՀՀ ՔԾԽ-ի հետ ընթացող աշխատանքները` հույս հայտնելով, որ դրանք զգալիորեն կնպաստեն համակարգի զարգացմանը:

Շնորհակալություն հայտնելով ՀԲ-ին` համակարգի զարգացմանը ցուցաբերած շարունակական աջակցության համար` պարոն Բադալյանը տեղեկացրեց, որ քաղաքացիական ծառայության համակարգը գնում է դեպի բարեփոխումների հերթական փուլ: Արդեն իսկ մշակվել և ԵՄ SIGMA ծրագրի շրջանակում միջազգային փորձաքննության է հանձնվել Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի նոր քաղաքականության փաստաթուղթը, որը դրվելու է նախանշված բարեփոխումների հիմքում:

Հանդիպման ընթացքում ըստ ոլորտների քննարկեցին համակարգի զարգացման այն հիմնական խնդիրները, որոնց շուրջ ՀԲ-ի հետ մշակվող համատեղ ծրագրերը գնահատվում են առավել անհրաժեշտ ու հրատապ: Խոսքը մասնավորապես վերաբերում է հեռահար ուսուցման ինստիտուտի ներդրմանը, կառավարչական հմտությունների կատարելագործմանն ուղղված նոր մոդուլների մշակմանը և դրանց թվայնացմանը, ներկայումս քաղաքացիական ծառայության համակարգում գործող մարդկային ռեսուրսների կառավարման տեղեկատվական ծրագիրը նոր պահանջներին համապատասխանեցնելուն և այն պետական կառավարման համակարգում գործող էլեկտրոնային ծառայությունների համակարգին ինտեգրելուն, ինչպես նաև մրցույթների և ատեստավորումների թեստավորման փուլը էլեկտրոնային եղանակով անցկացնելու միջոցներին, քաղաքացիներին մատուցվող էլեկտրոնային ծառայությունների շրջանակն զգալիորեն ավելացնելուն: Կարևորվեց նաև քաղաքացիական ծառայության պաշտոնների գնահատման և դասակարգման նոր և ավելի արդարացի կառուցակարգերին անցնելու անհրաժեշտությունը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ