28/01/2011

«Արմենպրես» լրատվական գործակալության հարցազրույցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ

   

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի համար 2010 թվականը բավականին արդյունավետ տարի էր: Խորհրդի ձեռքբերումների եւ առաջիկա ծրագրերի մասին «Արմենպրես»-ը զրուցեց Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի հետ:
-Պարոն Բադալյան, Քաղծառայության խորհուրդն ինչպիսի՞ դրական արդյունքներ եւ ձեռքբերումներ է ունեցել 2010 թվականի ընթացքում:

-Մի շարք լուծումներ կյանքի կոչեցինք, այդ թվում` օրենսդրական, եւ արդեն դրանք գործնականում կիրառվում են: Այդ լուծումները գնահատել ենք բավականին սկզբունքային եւ բովանդակային: Մասնավորապես` կրտսեր խմբի պաշտոնների համալրման, ինչպես նաեւ մյուս խմբերի պաշտոնների գնահատման մոդելներն ենք փոխել: Եթե նախկինում հանձնաժողովի անդամները քվեարկությամբ էին որոշում մասնակցի հաղթելը կամ չհաղթելը, այժմ այդ գործընթացն իրականացվում է բալային գնահատման, հարցաշարերի փոփոխման միջոցով: Պետք է նշել, որ հարցաշարերը որակապես փոխվել են եւ ավելի կատարելագործվել: Այդ փոփոխություններից հետո տեսնում ենք, որ փոքր-ինչ դժվարացել է մրցույթում հաղթող ճանաչելու հանգամանքը: Գնահատման այս տարբերակը շատ ավելի օբյեկտիվ եւ տեսանելի է դարձնում յուրաքանչյուրի պատրաստվածության աստիճանը: Ինչ վերաբերում է կրտսեր խմբի պաշտոնների համալրմանը, ապա մենք շատ քաղաքակիրթ մոդել ենք սկսել կիրառել: Ըստ դրա` ամեն մի պաշտոնի համար ոչ թե մրցույթ է հայտարարվում, այլ հավաստագրման գործընթաց է իրականացվում: Այսինքն`անձը կմասնակցի այդ գործընթացին, կստանա հավաստագիր, որով մեկ տարվա ընթացքում կարող է դիմել այն պետական կառույցներին, որտեղ կլինեն թափուր տեղեր: Հավաստագրման գործընթացը կիրականացվի 3 ամիսը մեկ անգամ: Գտնում ենք, որ սա ճիշտ լուծում էր: Այն կիրառվում է նաեւ զարգացած երկրներում:
-Քաղծառայողների ատեստավորման գործընթացում ի՞նչ փոփոխություններ են եղել 2010 թվականին:
-2010թ-ին ատեստավորման գործընթացում փոփոխություններ չեն եղել: Մենք նախորդ տարի ատեստավորման հարցաշարերն ենք կատարելագործել: Ունենք մշակած ռազմավարություն, որով ատեստավորմանն առնչվող փոփոխություններ եւ զարգացումներ են նախանշված: Մասնավորապես` նույն պաշտոնը զբաղեցրած անձանց նկատմամբ, ովքեր մեկ- երկու անգամ ատեստավորվել են, այլ մոտեցումներ կկիրառվեն: Եթե մարդը, զբաղեցնելով այդ պաշտոնը, ապացուցել է, որ ինքը համապատասխանում է իր զբաղեցրած պաշտոնին, ուրեմն պետք է այլ մոտեցում կիրառվի: Այս փոփոխությանը զուգահեռ` մենք պետք է անցում կատարենք քաղծառայողի աշխատանքի որակի գնահատմանը: Ամեն օր քաղծառայողի անմիջական ղեկավարը պետք է գնահատի նրան: Եթե մենք ունենանք դեպք, որ քաղծառայողին իր ղեկավարը տեւական ժամանակ բացասական գնահատական է տվել, ապա նա չի ատեստավորվի: Մենք մշտապես քայլեր ենք ձեռնարկում քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման ուղղությամբ: Այդ համատեքստում կարեւորում ենք այլ կառույցների հետ համագործակցությունը: Քաղծառայության խորհուրդը համագործակցում է հասարակական կազմակերպությունների հետ, որովհետեւ կարեւորում է նրանց աջակցությունը: Ավելին, մի խումբ հասարակական կազմակերպությունների հետ ստորագրել ենք համագործակցության համաձայնագրեր: Նրանց համար մեր մրցույթների եւ ատեստավորման գործընթացը բաց է եղել: Կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են, տվել են իրենց առաջարկությունները, դիտողությունները, որոնք մենք հետագայում հաշվի ենք առել: Հասարակական կազմակերպությունների հայացքն ավելի զգոն է, թարմ, եւ եթե մեր աչքից ինչ-որ բան վրիպում է, ապա նրանք նկատում են: Պետք է նշել, որ հկ-ները նաեւ ներգրավված են քաղծառայողների վերապատրաստման գործընթացում: Պետական ծառայողը մշտապես պետք է գործի էթիկայի կանոնների համաձայն: Մենք չենք հերքում, որ քաղծառայության համակարգում կան էթիկայի կանոններից զուրկ մարդիկ: Մենք մնում ենք այն դիրքորոշմանը, որ որակյալ հանրային ծառայություններ կարող են մատուցել որակյալ մասնագիտական գիտելիքներով, որակյալ մարդկային հատկանիշներով օժտված անձինք, այլ ոչ թե քամահրական վերաբերմունքով չինովնիկները:
-Ի՞նչ փուլում է քաղծառայության խորհրդի պաշտոնական պորտալի ստեղծման գործընթացը:
- Քաղծառայության խորհրդի պաշտոնական պորտալի ստեղծման գործընթացն ավարտման փուլում է: Նախատեսված է մարտի սկզբին այն արդեն գործարկել: Այն հագեցած կլինի քաղծառայության համակարգին վերաբերող տեղեկատվությամբ: Կլինեն ծառայության պաշտոնի անձնագրերին վերաբերող տվյալներ, հարցաշարեր, մրցույթների գրաֆիկներ, վիճակագրական, վերլուծական նյութեր եւ այլն: Պորտալի միջոցով կմատուցվի էլեկտրոնային ծառայություն: Մարդիկ կարող են մրցույթներին եւ հավաստագրման գործընթացին մասնակցել էլեկտրոնային դիմումներով: Մենք գործ ունենք մարզերից եկող մարդկանց հետ, նման ծառայության առկայությունը կնպաստի դիմելիության գործընթացի հեշտացմանը: Մարդիկ ստիպված չեն լինի դիմելու համար հեռավոր մարզից գալ, հասնել Երեւան:
-ՀՀ քաղծառայության խորհրդի եւ այլ երկրների համապատասխան կառույցների միջեւ համագործակցությունն ի՞նչ մակարդակի վրա է: Արդյո՞ք նախատեսվում է այլ երկրների հետ համագործակցության համաձայնագրեր կնքել:
-Նախորդ տարի մենք մեր գործունեությունը զարգացրել ենք միջազգային համագործակցության առումով: Համագործակցել ենք ինչպես միջազգային կառույցների եւ կազմակերպությունների, այնպես էլ այլ երկրների մեր գործընկերների հետ: Նախորդ տարի համագործակցության հուշագիր ստորագրեցինք Իռլանդիայի Հանրապետության Քաղաքացիական ծառայության հետ: Համագործակցության հուշագիր ստորագրելու նախնական համաձայնություն ունենք Կիպրոսի եւ Լիբանանի հետ: Ակտիվ համագործակցում ենք Բուլղարիայի, Չինաստանի, Ուկրաինայի, Իտալիայի հետ: Համագործակցության շրջանակներում իրականացվում է փորձի, գրականության փոխանակում, կադրերի վերապատրաստում: Մենք նույնպես կարողանում ենք մեր ունեցած փորձը փոխանցել այլ երկրների մեր գործընկերին, որովհետեւ ունենք մի շարք լուծումներ, որոնք առանձնահատուկ են: Մասնավորապես` պաշտոնների անձնագրերի առկայությունը: Շարունակելու ենք քայլեր ձեռնարկել համակարգի զարգացման ուղղությամբ: Մենք տեսնում ենք դրական տեղաշարժեր, նախորդ տարիների համեմատ`մարդիկ ավելի պատրաստված են ներկայանում` ե’ւ մրցույթներին, ե’ւ ատեստավորմանը:

Հարցազրույցը` Աննա Գզիրյանի

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ