31/01/2012

Համակարգը գնահատում է իր բարեխիղճ, պատասխանատու ծառայողներին

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառա­յության համակարգի ներդրման 10-ամյակի հոբելյանական միջոցառումների շրջանակում հունվարի 31-ին, ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդում տեղի ունեցավ հանդիպում քաղաքացիական ծառայողների հետ: ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդը շնորհակալագրեր հանձնեց համակարգում ընդգրկված 15 մարմինների թվով 16 քաղաքացիական ծառայողների` համակարգի ներդրման, կայացման և զարգացման անցած ժամանակաշրջանում կատարած ամբասիր, բարեխիղճ աշխատանքի համար:  Շնորհակալագրեր հանձնվեցին նաև մի քանի նախկին աշխատակազմերի ղեկավարների` համակարգի կայացման գործում ունեցած ավանդի համար:
ՀՀ ՔԾԽ նախագահ Մանվել Բադալյանը շնորհավորեց քաղծառայողներին` համակարգի 10-ամյակի կապակցությամբ, ապա շնորհակալություն հայտնեց աշխատանքի նկատմամբ ցուցաբերած սրտացավության, բարձր պատասխանատվության համար, ինչը լավագույն օրինակն է նրա, թե ինչպիսին պետք է լինի քաղաքացիական ծառայողը: ¦Ես ուզում եմ ի դեմս Ձեզ` շնորհակալություն հայտնել նաև բազմահազար մյուս այն քաղաքացիական ծառայողներին, ովքեր իսկապես արժանի են գնահատանքի իրենց գործունեության, նվիրվածության համար: Մեր գերակա խնդիրներից է լինելու քաղաքացիական ծառայության որակի բարձրացումը, ինչն առաջին հերթին հնարավոր է որակյալ, բանիմաց և ամենակարևորը` ծառայություն ասվածի էությունը խորապես ընկալած անհատներով, մասնագետներով համալրման, ինչպես նաև մեր ծառայողների իրավական, բարոյական ու սոցիալական պաշտպանվածության առավել գործուն մեխաիզմների ներդրման միջոցով: Բոլորի համար այսօր առավել քան ակնհայտ է, թե ինչպիսի անկյունաքարային նշանակություն ունեն դրանք համակարգի արդյունավետության և կայունության ապահովման համար§,-դիմելով ներկա քաղաքացիական ծառայողներին` ասաց ՀՀ ՔԾ Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը:

Հիշեցնենք, որ համակարգի ներդրման հոբելյանի կապակցությամբ մի խումբ քաղաքացիական ծառայողներ հունվարի 20-ին արժանացել էին ՀՀ վարչապետի հուշամեդալի և շնորհակալագրերի: ՀՀ ՔԾ Խորհուրդը համակարգի ներդրման, կայացման ու զարգացման գործում ունեցած ավանդի համար իր հերթին շնորհակալագրեր է հանձնել նաև մի քանի գիտաուսումնական հաստատությունների, հասարակական կազմակերպությունների, միջազգային կառույցների հայաստանյան ներկայացուցչությունների և լրատվամիջոցների: 


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ