08/06/2012

Կատարելագործվում են քաղծառայողների բանակցային հմտությունները

Հունիսի 5-ից 7-ը Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտը Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ ՀՀ պետական կառավարման ակադեմիայում կազմակերպել էր սեմինարներ` “Բանակցությունների վարման մեթոդները” և “Կայուն զարգացման ռազմավարության իրականացում” թեմաներով:

Եռօրյա սեմինարների մասնակիցները ՀՀ Կառավարության աշխատակազմի, ՀՀ քաղաքացիական ծառայության և մի քանի նախարարությունների 25 քաղաքացիական ծառայողներ էին: Մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը, Հայաստանում Շվեյցարիայի արտակարգ և լիազոր դեսպան Կոնստանտին Օբոլենսկին և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը: Սեմինարների նպատակն էր  պետական ծառայողների մոտ բարձրացնել արդյունավետ բանակցությունների վարման կառավարչական հմտությունները, աջակցելու նրանց ավելի լավ ըմբռնել Հայաստանի կայուն զարգացման շրջանակներում շրջակա միջավայրի և սոցիալ-տնտեսական ոլորտների փոխզիջումները: Ներկայացվել է նաև այս խնդիրների հետ կապված միջազգային փորձը:
Դասախոսություններով  հանդես են եկել Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող, ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դաֆինա Գերչևան, ՀՀ տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը, ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի ազգային համակարգող Արամ Գաբրիելյանը, “Հանուն կայուն մարդկային զարգացման” ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը, Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի միջազգային բնապահպանական իրավունքի ամբիոնի պրոֆեսոր Խորխե Վինուալեսը, Ֆրանսիայի բանակցությունների ուսուցման և հետազոտությունների ինստիտուտի բիզնեսի դպրոցի պրոֆեսոր Տարիել Սիխարուլիձեն:

Սեմինարների ավարտին մասնակիցները Ժնևի միջազգային և զարգացման հետազոտությունների ինստիտուտի կողմից  ստացան հավաստագրեր, որոնք հանձնեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի տեղակալ Սամվել Վասիլյանը: Նա հույս հայտնեց, որ մասնակիցները կարողացել են օգտագործել մասանգիտական ու որակական հատկանիշները կատարելագործելու առումով ընձեռնված հնարավորությունը և հույս է հայտնել, որ ձեռք բերված հմտություններն ու նոր գիտելիքները կնպաստեն նրանց աշխատանքի արդյունավետության բարձրացմանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ