31.05.13

Քաղծառայողները վերապատրաստվում են անվտանգության ոլորտում

Շվեյցարիայի Միջազգային զարգացման հետազոտությունների ինստիտուտի կողմից իրականացվող <<Միջազգային կապերի կարողությունների հզորացում>> (CABIR) ծրագրի շրջանակներում, Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աջակցությամբ և ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի հետ համագործակցությամբ, սեպտեմբերի 24-ին ՀՀ պետական կառավարման ակադեմիայում մեկնարկեց քաղաքացիական ծառայողների համար նախատեսված <<Անվտանգության քաղաքականություն>> թեմայով քառօրյա դասընթացը: Այն ուղղված է կատարելագործելու քաղծառայողների գիտելիքները, գործնական հմտությունները հակամարտությունների կարգավորման և տնտեսական զարգացման, խաղաղապահ գործունեության, անվտանգության ոլորտներում: Դասընթացը, որին մասնակցում են ՀՀ նախագահի աշխատակազմի, ՀՀ տարածքային կառավարման, ՀՀ արդարադատության, ՀՀ սփյուռքի, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունների աշխատակազմերի քաղաքացիական ծառայողները, վարում են Ժնևի միջազգային հարաբերությունների ինստիտուտից և Ժնևի անվտանգության քաղաքականության կենտրոնից հրավիրված մի շարք փորձագետներ:
Սեմինարի բացմանը ներկա էր նաև ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը: Նշելով, որ Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ՀՀ ՔԾԽ-ն ակտիվ գործակցում է 2010թ. ստորագրված փոխըմբռնման հուշագրի շրջանակներում` պարոն Բադալյանը հույս հայտնեց, որ ծրագրի նախորդ փուլերի նման այս մեկը ևս կառանձնանա իր արդյունավետությամբ: <<Մեր խնդիրն է` Հայաստանում ունենալ որակյալ հանրային ծառայության համակարգ: Դրա համար մի շարք գործոններ են անհրաժեշտ, որոնցից մեկը հանրային ծառայության ոլորտում բարձրորակ մասնագետներ ունենալն է, մասնագիտական կարողությունների շարունակական կատարելագործումը: Կարծում եմ` այս դասընթացները կնպաստեն, որ մեր հանրային ծառայողներն ավելի հիմնավոր մոտենան իրենց առջև դրվող խնդիրների լուծմանը>>,-ասաց պարոն Բադալյանը:
Դասընթացի մեկնարկը ողջունեցին նաև Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության ծրագրերի համանախագահ Լուկաս Լյուշերը և ՀՀ պետական կառավարման ակադեմիայի ռեկտոր Արսեն Լոքյանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ