14/07/2012

Համակարգը մտել է կայունացման փուլ

2012 թվականի առաջին վեց ամիսներին քաղաքացիական ծառայության համակարգում անցկացվել են 366 թափուր պաշտոններիզբաղեցման մրցույթներ, որոնցից 41-ում հաղթողներ չեն եղել: Չհամալրված պաշտոններից մեկը` բարձրագույն, 21-ը`գլխավոր և 19-ըառաջատար խմբերին են պատկանում:
 Այս տվյալները հուլիսի 9-ին «Հենարան» մամուլի ակումբում տեղի ունեցած մամուլի ասուլիսում հայտնեց ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը` ներկայացնելով  Խորհրդի և քաղաքացիական ծառայության համակարգի 2012 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքները:

Հիմնվելով այդ արդյունքների վրա` պարոն Բադալյանը եզրակացրեց, որ  արդեն տասնամյակը բոլորած համակարգում  գործընթացներն սկսել են ավելի սահուն դառնալ, ինչը նշանակում է, որ նախկինում բավական լուրջ դիմադրությունների տեղիք տվող ու ինչ-որ տեղ անհասկանալի համարվող գործընթացներն այսօր բոլորի համար արդեն օրինաչափ ու սովորական են դարձել, և մարդիկ սկսել են հաշտվել այս համակարգի «խաղի կանոնների» հետ: «Քաղաքացիական ծառայողների վերապատրաստման, ատեստավորման, թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթների կազմակերպման, ծառայողական քննությունների անցկացման առումով ունենք բնականոն գործընթացներ, ինչի մասին են վկայում մեր վիճակագրական տվյալները: Ինչպես հայտնի է,  ատեստավորումների միջոցով պարզվում է` քաղաքացիական ծառայողները համապատասխանում են իրենց զբաղեցրած պաշտոններին, թե ոչ: Վերջին շրջանում իրենց պաշտոններին չհամապատասխանողների թիվը բավականաչափ նվազել է: Եթե համակարգի ներդրման առաջին տարիներին զբաղեցրած պաշտոններին չհամապատասխանողները կազմում էին 15-20 տոկոս, ապա այսօր` ընդամենը 2-3 տոկոս: Սա խոսում է քաղծառայողների պատասխանատվության բարձրացման և անհրաժեշտ գիտելիքներ ունենալու մասին: Գուցե դրանով է պայմանավորված, որ զգալիորեն նվազել են բոլոր տեսակի միջնորդությունները, խնդրանքները և այլն: Դա հաջողվել է այն բանի արդյունքում, որ մեր բոլոր լուծումները` օրենսդրական, մեթոդական, բխեցրել ենք մարդու սուբյեկտիվ գործոնը, միջամտությունը նվազագույնի հասցնելու սկզբունքից», - ասաց պարոն Բադալյանը:
Համակարգի կայունացման մասին է վկայում նաև ծառայողական քննությունների նշանակման և անցկացման վերաբերյալ վիճակագրությունը: 2012 թվականին Խորհուրդն ստացել է ծառայողական քննություն նշանակելու մասին 7 դիմում, որոնցից 4-ը` քաղաքացիական ծառայողների կողմից` իրենց նկատմամբ կիրառված կարգապահական տույժերի օրինականությունը վիճարկելու հետ կապված: Ըստ պարոն Բադալյանի` սա խոսում է այն մասին, որ քաղաքացիական ծառայողները վստահում են ծառայողական քննություններ անցկացնող  ինստիտուտին և Խորհրդի անաչառությանը:
Կայունացման ևս մեկ արտահայտություն էր նաև այն, որ խորհրդարանական ընտրություններից և նոր Կառավարության ձևավորումից հետո քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերում կադրային լուրջ փոփոխություններ տեղի չունեցան: Ըստ էության` այսօր կարող ենք ասել, որ որևէ քաղաքացիական ծառայող, մարմնի ղեկավարի փոփոխությամբ պայմանավորված, իր աշխատանքից չի ազատվել: Ավելին, այդ մարմինների ղեկավարները, ի պատիվ իրենց, հայտարարեցին, որ քաղաքացիական ծառայողները պաշտպանված են » Քաղաքացիական ծառայության մասին» ՀՀ օրենքով, և եթե նրանք կատարում են որակյալ աշխատանք, պետք է շարունակեն պաշտոնավարել:
Այս փաստը մեզ իսկապես գոհացնում է: Սա մենք չունեինք 2003  և 2007 թվականների ընտրություններից հետո: Ուրախալի է, որ պետական մարմինների ղեկավարները` նախարարները, մարզպետները, այլևս հասկանում են, որ իրենց լավագույն բարեկամներն որակյալ, բարձրակարգ մասնագետներն են»,- ասաց Մանվել Բադալյանը:


Նա կարևոր ձեռքբերումներից առանձնացրեց ևս երկուսը` քաղաքացիական ծառայողների աշխատանքի կատարողականի անհատական գնահատման և սոցիալական փաթեթի ինստիտուտների ներդրումը: Կատարողականի գնահատման արդյունավետության առումով պարոն Բադալյանն առանձնացրեց համակարգում բազմաթիվ գործառույթներ էլեկտրոնային տարբերակով իրականացնելու հանգամանքը, ինչը հնարավորություն է տալիս թե՛ վերահսկել հանձնարարականների կատարումը և թե՛ առավել անաչառ գնահատել քաղաքացիական ծառայողների անհատական գործունեության արդյունավետությունը:
Ինչ վերաբերում է սոցիալական փաթեթին, ապա, ըստ պարոն Բադալյանի, դրա ներդրման ընթացքը, ինչպես նաև ընձեռած հնարավորություններից օգտվելու առկա ընդհանուր պատկերը ցույց են տալիս, որ նախնական փուլում փաթեթի արդյունավետ և հասցեական կիրառման հետ կապված հանրության և քաղծառայողների մոտ առկա թերահավատությունը վերացել է:  «Ընդամենը նվազագույնը 52 հազար դրամով, որը պետությունը հատկացնում է յուրաքանչյուր հանրային ծառայողի, վերջիններս հնարավորություն են ունենում մինչև 3.8 մլն դրամի բուժսպասարկման ծառայություն ստանալ: Եթե չեմ սխալվում, մոտ 100 հանրային ծառայողներ այս ընթացքում սոցփաթեթի շրջանակներում արդեն ենթարկվել են  բավական թանկարժեք սրտի վիրահատությունների: Նույն փաթեթով ծառայողները կարող են նաև կազմակերպել իրենց հանգիստը, և բազմաթիվ են այն մարդիկ, ովքեր նախընտրում են սույն փաթեթով նախատեսված գումարներն ուղղել դրան: Հուսով եմ, որ առաջիկա տարիներին կկարողանանք մեծացնել այդ փաթեթով տրամադրվող գումարի չափը, մանավանդ, եթե հաշվի առնենք, որ այն նպաստում է նաև այլ ոլորտների` մասնավորապես բժշկական ապահովագրության, զբոսաշրջության խթանմանը: Սակայն ի սկզբանե ասել ենք` կարևորն այս ինստիտուտն այս փուլում ներդնելն էր»,- ասաց Խորհրդի նախագահը:
Լրագրողները Մանվել Բադալյանին հարցեր ուղղեցին նաև ոլորտին չառնչվող թեմաների վերաբերյալ: Մասնավորապես նրանց հետաքրքրում էր, թե արդյոք հակասություն չկա՞ նրանում, որ թեև Խորհրդի նախագահը բոլոր առիթներով խոսում էր համակարգի ապաքաղաքականացման և ապակուսակցականացման մասին, սակայն խորհրդարանական ընտրություններին նախընտրեց ընդգրկվել Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակում: «Այո, ես ընդգրկված եմ եղել այդ կուսակցության համամասնական ցուցակում: Սակայն եղել և մնում եմ անկուսակցական: Համակարգի գերկուսակցականացման անընդունելիության վերաբեյալ նախկինում արտահայտած կարծիքս պնդում եմ նաև հիմա. սկզբունոքորեն դեմ եմ համակարգի կուսակցականացմանը: Սակայն որպես քաղաքացի, ես ունեմ քաղաքական հայացքներ և քաղաքացիական դիրքորոշումներ: Ուզում եմ հատուկ ընդգծել, որ դրանք նոր չեն. 1999 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կրկին լինելով անկուսակցական, Հանրապետական կուսակցության քվոտայով ընդգրկված եմ եղել «Միասնություն» դաշինքի համամասնական ցուցակում: Իմ քաղաքական և քաղաքացիական հայացքներն ու համոզմունքները չեն խանգարում աշխատանքային գործունեությանս, որովհետև որևէ կուսակցական պարտավորվածություն չունեմ և դա ուզում եմ հայտարարել ևս մեկ անգամ ու շատ հստակ: Որևէ կուսակցություն ինձ` որպես Քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի, չի կարող որևէ հանձնարարություն տալ, որն ինձ համար կատարման ենթակա կլինի:
Մյուս հարցը, որը մամուլում ակտիվորեն քննարկվում էր նաև ժամանակ առաջ, վերաբերում էր ՔԾԽ-ի նախագահի պաշտոնից հեռանալու և բուհի ռեկտոր դառնալու մասին խոսակցություններին: Պարոն Բադալյանը այս կապակցությամբ նշեց. «Նախ` ցանկացած ուսումնական հաստատության ղեկավարի պաշտոն շատ պատվաբեր է, քան որևէ չինովնիկի պաշտոն: Ինքս դասախոս և մանկավարժ եմ արդեն երկար տարիներ և հիմա էլ, որքանով թույլ է տալիս զբաղվածությունս և ծանրաբեռնվածությունս, այդ գործունեությունը շարունակում եմ մեծ հաճույքով: Երկրորդ` ես քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահի պաշտոնում նշանակվել եմ պաշտոնավարման կոնկրետ ժամկետով, և այդ ժամկետն ավարտվելու է 2014 թվականի հունվարի 15-ին»:

 

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ