Քննարկվեցին քաղաքացիական ծառայության համակարգի զարգացման հեռանկարները

   

Նոյեմբերի 16-ին ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Եվրամիության տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD)-ՍԻԳՄԱ (SIGMA) ծրագրի համատեղ նախաձեռնությամբ Երևանում անցկացվեց ՙՀայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի գնահատում՚ թեմայով սեմինարը: 2009թ. նոյեմբերին ՔԾ խորհրդի առաջարկությամբ ՍԻԳՄԱ-ի փորձագետները սկսեցին Հայաստանում քաղաքացիական ծառայության համակարգի համակողմանի արտաքին գնահատման գործընթացը` նրա հետագա բարեփոխումների և զարգացման հնարավոր ուղղությունների վերաբերյալ առաջարկություններով հանդես գալու համար: ՍԻԳՄԱ-ի գնահատման գործընթացը անկախ վերլուծության և առաջարկություններ ներկայացնելու հնարավորություն է տալիս քաղաքացիական ծառայության համակարգի բոլոր ուղղությունների վերաբերյալ (սկզբունքներ, հաշվետու լինելը, իրավունքներ և պարտականություններ, մասնագիտական անկախություն, համալրում, վերապատրաստում, վարձատրություն, կատարողականի գնահատում, ինչպես նաև համակարգի կառավարման կարողություն): Գնահատման նպատակն է ուղեցույց լինել Հայաստանում կայուն և պրոֆեսիոնալ քաղծառայության համակարգի ամրապնդման համար: Գնահատումը բացահայտում է աշխատակազմի նոր ունակությունների խթանման հատուկ կարիքները, մարդկային ռեսուրսների քաղաքականության և գործիքների զարգացումը, էթիկայի կանոնները և կառավարման կարողությունը: Սեմինարը նպատակ էր հետապնդում շահագրգիռ կողմերի մասնակցությամբ քննարկել այդ գնահատման արդյունքները, առաջարկությունները և եզրահանգումները, ինչպես նաև որոշակիացնել ՍԻԳՄԱ-ի հետագա հնարավոր աջակցությունը Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգի բարեփոխումներին: Սեմինարին մասնակցում էին ՀՀ ՔԾ խորհուրդը, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված 45 մարմինների աշխատակազմերի ղեկավարները, ոլորտում մասնագիտացած հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները: Ներկա էին նաև Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավարը, ԵԱՀԿ Երևանյան գրասենյակի ղեկավարի պաշտոնակատարը և այլք: Սեմինարի բացման խոսքում ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը նշեց, որ ՍԻԳՄԱ-ի հետ համագործակցությունը տեղի է ունենում ԵՄ ՙՀարևանության քաղաքականության ծրագրից՚ բխող Հայաստանի ստանձնած պարտավորությունների շրջանակներում, որի նպատակը մեր երկրում քաղաքացիական ծառայության համակարգը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելն է: ՙՄեկ տարի առաջ նոյեմբերին Եվրամիության տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության փորձագետների հետ քննարկեցինք քաղաքացիական ծառայության համակարգի գնահատման հարցը` համակարգի ուժեղ և թույլ կողմերը բացահայտելու, համակարգի զարգացումն ապահովող միջոցառումների հարցում մեզ աջակցելու նպատակով: Քաղծառայության համակարգը պետական, հանրային ծառայությունների առումով բավական խնդիրներ ունեցող համակարգ է: Միշտ չէ, որ դրանք տեսանելի են բոլորին, և միշտ չէ, որ հեշտությամբ են գտնվում այդ խնդիրները լուծելու միջոցները: Դրանք գտնում ենք քննարկումների արդյունքում: Սա մի համակարգ է, որ զարգացում է պահանջում առանց հեղափոխությունների: Մեր երկրում քաղծառայության համակարգը դեռ կայացման փուլում է, և բավական խնդիրներ կան, որ ժառանգել ենք նախկին պետական համակարգից: Սակայն ամենաբարդը հոգեբանական բնույթի խնդիրներն են: Խորությամբ ուսումնասիրելով ՍԻԳՄԱ-ի կողմից առաջարկվող նյութերը` նկատում ենք, որ կան որոշակի լուծումներ քաղծառայության համակարգի առաջ ծառացած խնդիրների համար: Ամեն ինչ արել և անում ենք, որ պետական ծառայողները, քաղծառայողները լինեն պրոֆեսիոնալ, աշխատեն հավասար պայմաններում, որ ստեղծվեն գործունեության առավելագույն թափանցիկ պայմաններ, որ այդ սկզբունքները պաշտպանված լինեն բոլորի կողմից: Մենք ուզում ենք մեր հայրենիքում ունենալ որակյալ պետական ծառայություն ու ջանք չենք խնայում դրա համար: Մեր նպատակն է քաղաքացիական ծառայության համակարգը կառուցել արժանիքների գնահատման, հրապարակայնության և հաշվետվողականության սկզբունքների վրա: ՍԻԳՄԱ-ի կատարած գնահատման հիման վրա ներկայացվող առաջարկություններից շատերը մենք արդեն փորձել ենք կյանքի կոչել` կատարելով համապատասխան օրենսդրական, կազմակերպչական ու մեթոդական փոփոխություններ՚,- ասաց պարոն Բադալյանը: Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան Ռաուլ դե Լյուցենբերգերը նշեց, որ Հայաստանում պետական կառավարման համակարգի բարեփոխումների համար կա բավարար ներուժ ու ցանկություն, և անհրաժեշտ է ռեսուրսների ճիշտ բաշխում կատարել: ՙՄարտահրավերները շատ են, սակայն բարեփոխումների ճիշտ օրակարգի ձևավորումը կենսական նշանակություն ունի երկրի արդիականացման և եվրաինտեգրման հեռանկարի առումով՚,- ասաց պարոն Լյուցենբերգերը: Սեմինարն անդրադարձավ բարեփոխումների տարբեր ասպեկտների, ինչպես, օրինակ, կադրերի համալրումը և առաջխաղացումը, աշխատանքի կատարողականի գնահատումն ու վարձատրության փոխշաղկապվածության ապահովումը: Վերջում ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհակալություն հայտնեց ՍԻԳՄԱ-ի փորձագետներին կատարած աշխատանքի և ներկայացրած առաջարկությունների համար և հույս հայտնեց, որ ՀՀ ՔԾ խորհրդի ՍԻԳՄԱ-ի համագործակցությունը շարունակական կլինի ու կնպաստի համակարգի զարգացմանն ու հզորացմանը:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ