21/04/2011

Ընթանում է թեստավորման երկրորդ փուլը

   

Ապրիլի 18-ից սկսվել է քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար անհրաժեշտ հավաստագրման այս տարվա երկրորդ փուլի թեստավորումը, որին մասնակցելու համար դիմել է 479 քաղաքացի: Ձևավորվել են 16 խմբեր` յուրաքանչյուրում 30-ական դիմորդներ, որոնք կթեստավորվեն ապրիլի 18-ից 29-ն ընկած ժամանակահատվածում: Առաջին երեք օրերին թեստավորմանը մասնակցել է 141 քաղաքացի, որոնցից 121-ն է բավարար մակարդակով կատարել թեստային առաջադրանքը:
Թեստավորումն անցկացնում է ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Հավաստագիր կստանան այն դիմորդները, ովքեր թեստավորման ընթացքում ճիշտ կպատասխանեն 50 հարցից կազմված հարցաթերթի առնվազն 90 տոկոսին: Հավաստագրերը, որոնք ձեռք կբերեն թեստավորման գործընթացի ավարտից անմիջապես հետո, ուժի մեջ են լինելու մեկ տարի: Դրանց հիման վրա նրանք կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված բոլոր մարմինների աշխատակազմերում առաջացող կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար: Հավաստագրման գործընթացը փոխարինում է կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներին` <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքում 2010թ. կատարված համապատասխան փոփոխությունների հիման վրա: Նպատակն է հեշտացնել կրտսեր պաշտոններ զբաղեցնելու ընթացակարգերը և քաղաքացիներին ազատել մեկ տարվա ընթացքում թափուր պաշտոնների զբաղեցման մրցույթներին անընդհատ մասնակցելու կրկնվող գործընթացներից:
Այս տարվա հավաստագրման առաջին փուլն անցկացվել էր հունվար-փետրվար ամիսներին, որի ժամանակ հավաստագիր էր ստացել 264 քաղաքացի: Նրանցից 35-ը տարբեր մարմիններում արդեն զբաղեցնում են քաղաքացիական ծառայության կրտսեր պաշտոններ:
Կրտսեր թափուր պաշտոն զբաղեցնելու ընթացակարգի, հավաստագրման և թեստավորման, հարցաշարերի, ինչպես նաև մասնակիցների մասին ամբողջական տեղեկատվությանը կարելի է ծանոթանալ այս կայքից:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ