Համագործակցության հուշագիր` Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ

   


ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի և Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության միջև նոյեմբերի 5-ին ստորագրվեց փոխըմբռնման հուշագիր: Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ՔԾԽ նախագահի տեղակալ պարոն Սամվել Վասիլյանը և ՇԶՀԳ տարածաշրջանային տնօրեն պարոն Դերեկ Մյուլլերը:
Համագործակցության հուշագրով ընդհանուր նպատակ է սահմանվել Հայաստանի քաղաքացիական ծառայողների կարողությունների զարգացումը` < <Միջազգային հարաբերություններում կարողությունների զարգացում ծրագրի միջոցով>>: Սույն ծրագիրն իրականացվելու է քաղաքացիական ծառայողների վերապատրաստման դասընթացների, որակավորման բարձրացման և այլ ձևերով: Նախատեսվում է, որ համագործակցությունը նպաստելու է հանրային կառավարման բնագավառում հաշվետվողականության ու թափանցիկության, տեղեկատվության հասանելիության աստիճանի բարձրացմանը, քաղաքացիական ծառայողների կողմից մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Այն նպաստելու է նաև միջազգային կազմակերպություններում ու բազմակողմանի փոխհարաբերություններում Հայաստանի դերի էլ ավելի բարձրացմանը: <<Այս հուշագիրը լավ նախադրյալներ է ստեղծում մեր համագործակցությունը խորացնելու համար: Նշված ծրագրի շրջանակներում իրականացվելիք վերապատրաստման գործընթացում ներգրավելու են քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված բոլոր մարմինները, ինչը հնարավորություն կտա ընդլայնելու այն քաղաքացիական ծառայողների շրջանակը, ովքեր միջազգային հարաբերություններում կարողությունների ու հմտությունների կատարելագործման խնդիր ունեն>>,-ասաց պարոն Վասիլյանը:
Սա Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության հետ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի գործակցության առաջին դրսևորումն է: Այն բխում է միջազգային կազմակերպությունների և տարբեր երկրների համապատասխան կառույցների հետ համագործակցության շրջանակներն ընդլայնելու ՀՀ ՔԾԽ որդեգրած քաղաքականությունից` ուղղված հատկապես եվրոպական ինտեգրացիայի համատեքստում քաղաքացիական ծառայողների մասնագիտական գիտելիքների եւ կառավարչական հմտությունների կատարելագործման, համակարգի զարգացման առաջադեմ փորձի ուսումնասիրության համար նոր հնարավորությունների ձեռքբերմանը: 2009-10թթ. ՀՀ ՔԾԽ-ն փոխըմբռնման հուշագրեր է ստորագրել Իտալիայի, Իռլանդիայի, Ուկրաինայի, Կիպրոսի` հանրային կամ քաղաքացիական ծառայության խնդիրներով զբաղվող համապատասխան պետական կառույցների, ինչպես նաև Բրիտանական խորհրդի և TIRI բրիտանական կազմակերպության հետ: Դրանց շրջանակներում իրականացվել են համատեղ ծրագրեր` քաղաքացիական ծառայողների ներգրավմամբ:
Հիշեցնենք նաև, որ ՀՀ ՔԾԽ-ի նախաձեռնությամբ հաջողվեց հասնել նրան, որ հանրային կառավարման հիմնախնդիրներին առնչվող < <Մասնագիտությունը հեռանկարում> > ամենամյա միջազգային համաժողովը 2011թ. անցկացվի Երևանում:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ