19.01.2011. <<Քաղաքացիական ծառայություն>> շաբաթաթերթի հարցազրույցը ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ հետ

 

- Պարոն Բադալյան, քաղաքացիական ծառայության համակարգն այլևս անշրջելի իրողություն է: Ի՞նչ ակնկալիքներ, ի՞նչ մտահոգություններ ու խոհեր ուներ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նորանշանակ նախագահը 2002 թվականի հունվարի 15-ին, և ի՞նչ խոհեր ու մտահոգություններ ունեք այսօր, երբ Քաղաքացիական ծառայության խորհուրդն արդեն ինը տարեկան է:

- Անկեղծ չեմ լինի, եթե չասեմ, որ, այո, այդ զգացումներն ինձ համակեցին այն պահից, երբ պատիվ ունեցա գլխավորելու մեր երիտասարդ պետությանը շատ անհրաժեշտ ու օգտակար այն համակարգը, որն արդեն ինը տարեկան է:

Պատիվը` պատիվ, բայց պատասխանատվության զգացումն էր, որ առաջ էր բերում և անհանգստություն, և մտահոգություններ, ինչու չէ, նաև` վախի զգացում գործը պատվով կատարելու առումով:

Այդ պահին հնարավոր չէր ամբողջովին տեսնել կամ պատկերացնել այն դժվարությունները, որոնք այս տարիներին հաղթահարեցինք և դեռ պիտի հաղթահարենք: Դրանք բազմաբնույթ են և բնորոշ են ցանկացած նորամուծության ու նախաձեռնության, ուստի մենք չենք զարմացել և, ամենակարևորը, երբևէ չենք վհատվել կամ հուսահատվել: Կցանկանայի հարցի պատասխանը եզրափակել այսպես.

2002-ին ավելի շատ էին մտահոգությունները, այժմ` խոհերը:

- Ձեր կարծիքով, մեր հասարակությունը հաշտվե՞լ է այն մտքի հետ, որ պետական, քաղաքացիական ծառայող դառնալու համար անհրաժեշտ է ունենալ ոչ թե ծանոթ-բարեկամ, այլ համապատասխան գիտելիքներ ու փորձ` մրցակցությանը դիմանալու համար:

- Հասարակությունը չասեմ, սակայն բոլոր նրանք, ովքեր առիթ ունեցել են անցնելու այդ ճանապարհով, կարծում եմ, սեփական փորձով համոզվել են, որ ավելի ճիշտ և արժանապատիվ է ապավինել սեփական գիտելիքներին, փորձին ու հմտությանը, քան որևէ մեկի հովանավորությանը:

Ցավոք, դեռ երկար ժամանակ է պահանջվելու մեզանից և մեր հասարակությունից` հիվանդ մտածողությանը բնորոշ բարդույթներից ձերբազատվելու համար:

Ես երբևէ չեմ կարող հասկանալ, առավել ևս լուրջ վերաբերվել այն մարդուն, ով, չունենալով գիտելիքների անհրաժեշտ պաշար, ոչնչի առջև կանգ չի առնում` իրենից ավելի արժանավորի տեղն զբաղեցնելու համար: Դա նրան չպետք է թույլ տրվի: Կիրթ չլինելը արժանիք չէ, ամոթ է:

Մարդը պիտի ապավինի գիտելիքին, իսկ պետությունը` գիտելիքով զինված մարդկանց:

- Քաղաքացիական ծառայության համակարգը քայլ առ քայլ ընթանում է բարեփոխումների ճանապարհով. օրենսդրական դաշտում կատարված մեկ տասնյակից ավելի փոփոխություններն ու լրացումները նպաստո՞ւմ են քաղաքացիական ծառայության համակարգն առավել կատարյալ դարձնելուն:

- Սա մի համակարգ է, մի գործընթաց, որը երբևէ չի կարող համարվել անթերի և ավարտուն: Ժամանակն անընդհատ առաջադրում է իր պահանջներն ու հրամայականները, հասարակությունն ակնկալում է առավել որակյալ հանրային ծառայություն:

Մեր կողմից իրականացվող բարեփոխումները տալիս են իրենց պտուղները, և, համոզված ենք, պետական կառավարման համակարգը, համալրվելով որակյալ մասնագետներով, կարող է լինել արդյունավետ և պատրաստ ժամանակի մարտահրավերներին: Մեր համոզմունքն է` սահմանել կանոններ և մարդուն պարտադրել այդ կանոնները. դա բխում է նաև վերջինիս շահերից:

- Քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված պետական մարմիններում այս տարիների ընթացքում թե կառուցվածքային փոփոխություններ են կատարվել, թե նկատելի են կադրային հոսք, կադրային փոփոխություններ: Այս առումով ինչպիսի՞ն է վիճակը Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմում:

- Դրանք անխուսափելի գործընթացներ ու իրողություններ են, որոնք անընդհատ են լինելու և օրինաչափ են: Այլ հարց է, թե որքանով են սասանվում քաղաքացիական ծառայության կայունության ապահովման սկզբունքները: Ինչ վերաբերում է Քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմին, ապա այն նույնպես կրել է կառուցվածքային և կադրային մի շարք փոփոխություններ: Մենք արդեն անդրադարձել ենք օրենսդրական բազմաթիվ և պարբերաբար կատարվող փոփոխություններին ու լրացումներին, որոնք հիմնականում եղել են լրջագույն նորամուծություններ` առաջ բերելով և մեթոդական, և մեթոդոլոգիական, և կազմակերպական ու տեխնիկական բազմաբնույթ խնդիրներ, ինչին էլ աշխատակազմի կառուցվածքն ու աշխատակիցները պիտի համարժեքորեն համապատասխանեն ու պատրաստ լինեն խնդիրների լուծմանը:

Կադրերի հոսքի առումով մեր վիճակագրությունը որևէ կերպ մտահոգիչ չէ ցանկացած, անգամ զարգացած եվրոպական երկրների քաղաքացիական ծառայության համակարգի նույնատիպ ցուցանիշների համեմատ:

Ցավոք, այդուհանդերձ, երբեմն լինում են դեպքեր, որոնք որևէ կերպ չեն տեղավորվում մեր և օրենսդրական, և պարզ, սովորական մարդկային բարոյականության շրջանակներում: Խոսքս մասնավորապես վերաբերում է որոշ ղեկավար պաշտոնատար անձանց անզուսպ ճիգերին` կուսակցականացնել այս կամ այն քաղաքացիական ծառայողին և լրջագույն հարցերին նայել շատ պարզունակ հայացքով: Աներկբա և միանշանակ է` պետական շահը վեր է ցանկացած կուսակցական կամ խմբակային շահից: Ցավում եմ, որ հնարավոր չէ չափել մարդու պետական մտածողության չափն ու մակարդակը:

- Քաղաքացիական ծառայության խորհուրդը` որպես քաղաքացիական ծառայության համակարգը ղեկավարող և վերահսկող մարմին, ի՞նչ խնդիրներ է ունենում համակարգում ընդգրկված պետական մարմինների ղեկավարների և աշխատակազմերի ղեկավարների հետ:

- Համակարգի ներդրման առաջին տարիներին խնդիրներ, անհամաձայնություններ և անհարթություններ անհամեմատ ավելի շատ էինք ունենում, քան այսօր: Դա մենք համարել ենք բնական և օրինաչափ այն ժամանակի համար, սակայն այժմ մեզ համար մերժելի են շատ երևույթներ, և մենք հաստատակամ ու աննահանջ ենք լինելու օրենքի տառը պահպանելու, համակարգի պատիվը, վարկը, հեղինակությունը չարատավորելու տեսանկյունից:

Կարծում եմ` ժամանակն է, որպեսզի բոլորս հասկանանք. որևէ մեկիս օգուտ չի բերելու գիտելիքների բավարար պաշար չունեցող, անբարեխիղճ ու անպատասխանատու ցանկացած անձ, ով էլ նա լինի: Գեղեցիկ չէ բոլորի հաշվին արջի ծառայություն մատուցել ինչ-որ մեկին:

- Վերջին շրջանում մի շարք պետական մարմինների աշխատակազմերի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո նրանց ազատեցին աշխատանքից: Ինչո՞վ էր պայմանավորված այն, որ որոշ աշխատակազմերի ղեկավարների պաշտոնավարման ժամկետը երկարացվեց, իսկ ոմանցը` ոչ:

- Օրենքով սահմանված կարգով աշխատակազմի ղեկավարին պաշտոնում նշանակելու իրավասությամբ օժտված է ՀՀ կառավարությունը կամ ՀՀ վարչապետը և, իրենց լիազորությունների շրջանակներում գործելով ու գնահատելով այս կամ այն աշխատակազմի ղեկավարի աշխատանքը` վերջիններս կայացրել են այն վճիռները, որոնց մասին հարցնում եք:

- ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդին լրատվամիջոցները հաճախ հանիրավի մեղադրում են այն բանի համար, որ Խորհուրդը տեր չի կանգնում համակարգում աշխատող քաղծառայողներին, երբ նրանց ստիպում են ազատվել աշխատանքից իրենց դիմումի համաձայն: Ի՞նչ եք կարծում, տեղեկատվության պակա՞սն է պատճառը, որ երբեմն նման եզրակացություն են անում համակարգից ոչ քաջատեղյակ լրատվամիջոցները:

- Չեմ կարծում, թե տեղեկատվության պակասն է: Ուղղակի այդպես պետք է լինում, այդպես էլ մեկնաբանվում է: Նմանատիպ դեպքերը, ցավոք, քիչ չեն, սակայն իրեն պաշտպանել ցանկացող քաղաքացիական ծառայողը գիտի օրենքով սահմանված կարգը և օգտվում է դրանից, իսկ նա, ով առաջին իսկ պահին որևէ մեկի դրդմամբ պատրաստ է դիմում գրել և հեռանալ, ապա, մեր կարծիքով, նա բոլորից լավ գիտի, որ ինքն իր տեղում չէ: Պատճառները կարող են լինել բազմաթիվ` իրավական, մասնագիտական, բարոյական և այլն:

Անսկզբունք ու վախկոտ, անարդար ու անբարո մարդիկ չպետք է տեղ ունենան քաղաքացիական ծառայության համակարգում: Նմաններն են մեր քաղաքացու մեջ սերմանում անվստահություն պետական ծառայության նկատմամբ:

- Քաղաքացիական ծառայության խորհուրդը տեղական և միջազգային կառույցների հետ իրականացնում է մի շարք ծրագրեր համակարգում բարեփոխումներ իրականացնելու, կոռուպցիոն ռիսկերը նվազեցնելու, համակարգի աշխատանքն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ: Ձեզ գոհացնո՞ւմ են արդյունքները:

- Մենք մշտապես կարևորել ենք համագործակցությունը միջազգային և տեղական կառույցների, հասարակական կազմակերպությունների, այլ երկրների մեր գործընկեր պետական մարմինների հետ: Արդյունքները բնականաբար գոհացնում են, և համագործակցությունն էլ գնալով ընդլայնվում է:

Միջազգային փորձի ուսումնասիրման և այն մեզանում ներդնելու ու կիրառելու լավագույն գործընկերության օրինակ կարող է լինել մեր համագործակցությունը Համաշխարհային բանկի հետ:

Ես կրկին հիշեցնում եմ, որ մեր դռները բաց են բոլոր միջազգային կառույցների, հասարակական կազմակերպությունների, լրատվամիջոցների առջև, որոնք շահագրգռված են այս համակարգի զարգացմամբ ու կատարելագործմամբ:

- Ի՞նչ տվեց 2010 թվականը ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգին:

- 2010-ը ապահովեց համակարգի կայուն զարգացման ևս մեկ տարի, որի առանցքում սկզբունքային և առաջադիմական մի շարք օրենսդրական փոփոխություններ են: Դրանցով ամբողջովին միջազգային առաջավոր փորձին համապատասխան են դարձվել կրտսեր պաշտոնների համալրման և հարցազրույցի փուլի գնահատման մոդելները: Սրանք առավել թափանցիկ, անաչառ և արդյունավետ են դարձնում հավասար մրցակցային պայմաններում լավագույններին ի հայտ բերելու գործընթացը:

Նշանակալի արդյունքներ ենք ունեցել միջազգային ասպարեզում. 2010-ին համագործակցության կամուրջներ ենք հաստատել Իռլանդիայի, Կիպրոսի և Լիբանանի հանրապետությունների մեր գործընկեր մարմինների հետ: Ուրախությամբ նշենք, որ քաղաքացիական ծառայության 10-ամյակի նախօրյակին` 2011-ի աշնանը, մեր երկրում կկայանա եվրոպական երկրների քաղաքացիական ծառայության ցանցի ամենամյա կոնֆերանսը. այդ մասին որոշումը կայացվեց 2010թ. Դուբլինում կայացած կոնֆերանսում:

- Ի՞նչ ակնկալիքներ ունեք 2011 թվականից:

- Թող մեր երկրում տիրի խաղաղություն, թևածի համերաշխությունը, մարդիկ ունենան աշխատանք և արժանապատիվ վարձատրություն: Ակնկալում եմ, որ մեր պետությունն իր ինստիտուտներով կգործի առավել արդյունավետ, որ յուրաքանչյուր պետական պաշտոնյա կամ ծառայող կլինի ավելի ազնիվ ու բարի, արդար ու անկողմնակալ, պարզ ու հասարակ, որ ՀՀ քաղաքացին, եթե չսիրի կամ չհարգի պետական ծառայողին, գոնե ատելու չափ անհանդուրժող չլինի նրա նկատմամբ:

 

Հարցազրույցը`

ԼԱՐԻՍԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆԻ