20/01/2012

ՀՀ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԱԳԱՀ ՄԱՆՎԵԼ ԲԱԴԱԼՅԱՆԻ ԵԼՈՒՅԹԸ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ 10-ԱՄՅԱԿԻ ՀԱՆԴԻՍԱՎՈՐ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅԱՆԸ

Մեծարգո պարոն վարչապետ
Հարգելի գործընկերներ

Տիկնայք և պարոնայք

Հայաստանի քաղաքացիական ծառայության համակարգը բոլորեց իր տասնամյակը: Այն անկախ Հայաստանի պատմության վերջին տասը տարիների ուղեկիցն է և դարձել է մեր պետականության կայացման և ամրապնդման հիմնական մեխանիզմներից մեկը: Մեզ առաջնորդել է այս համակարգի ամուր հիմքերը գցելու, պետական կառավարման նոր տիպի հարաբերությունների և հատկապես նոր արժեքների, նոր մշակույթի արմատավորման և այս առաքելության հաջողության հարցում ունեցած անխախտ հավատն ու վստահությունը:
10 տարին, իհարկե, քիչ է դրված հավակնոտ այս նպատակներին հասնելու համար, սակայն առավել քան բավարար է դրանց համար ամուր ենթահող ստեղծելու և որ շատ ավելի կարևոր է` մի կողմից մեր ազգային իրողություններից ու առանձնահատկություններից բխող, մյուս կողմից միջազգային առաջադեմ փորձի վրա ներդաշնակորեն խարսխված զարգացման ու առաջընթացի ուղենիշներ հստակեցնելու համար: Ինձ թույլ եմ տալիս ասելու, որ մենք համատեղ ուժերով կարողացել ենք լուծել այս փուլի համար թերևս ամենագլխավոր խնդիրը. ստեղծել այնպիսի կառուցակարգեր, այնպիսի նախադրյալներ, ինչու ոչ` նաև ավանդույթներ, որոնք ապահովում են համակարգի անշրջելիությունը: Եվ հետագայում ինչպիսի վերափոխումների էլ այն ենթարկվի, հիմնված է լինելու արդեն ստեղծվածի վրա: Մեզանում արմատացած մտայնությունները, կարծրատիպերը ջլատող նոր մոտեցումների, լուծումների այս ամբողջությունը, իրենց բոլոր թերություններով ու բացթողումներով հանդերձ, որոնք, կարծում եմ, ուղղակի անխուսափելի են ցանկացած նոր համակարգի ներդրման պարագայում, հնարավոր եղավ ապահովել և առաջ մղել առաջին հերթին մեզ մշտապես գոտեպնդած քաղաքական կամքի, հետևողականության, այս համակարգի կայացման անհրաժեշտության հարցում հաստատված համոզվածության և թիմային աշխատանքի շնորհիվ: Թույլ տվեք, սակայն, ձեզ չհոգնեցնելու համար հիմա չկենտրոնանալ անցած տարիներին մեր արածն ու չարածը ներկայացնելու վրա: Առավելևս, որ փորձել ենք այդ ամենը մատուցել պատրաստված տեսաֆիլմի և գրքի միջոցով` որպես յուրօրինակ հաշվետվություն 10-ամյա գործունեության վերաբերյալ: 

Մեծարգո վարչապետ, հարգելի ներկաներ

Քաղաքացիական ծառայությունն իր նոր տասնամյակը դիմավորում է ապագային ուղղված, զարգացման ռազմավարական ու հայեցակարգային նոր ծրագրերով, որոնք պետք է համակարգը որակապես նոր հանգրվան հասցնեն: Այսօր արդեն մենք արդիականացման, մեր ենթակառուցվածքներն ու ընթացակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, քաղծառայության համալրման, ուսուցման, քաղաքացիական ծառայողների համար կարիերային առաջխաղացման, հաշվետվողականության բարձրացման նոր մեթոդներ ներդնելու խնդիր ենք հետապնդում: Մեր նպատակակետը որակյալ քաղաքացիական ծառայություն, պրոֆեսիոնալ, բարձր մարդկային ու մասնագիտական հատկանիշներ ունեցող, բանիմաց ու գործունյա, մեկ բառով ասած` որակյալ քաղաքացիական ծառայող ունենալն է, պետական ծառայողի և պետական ծառայության նկատմամբ հանրային վստահության ամրապնդումը, համակարգում մոտիվացիոն գործուն մեխանիզմների ներդրումը, երկրի ու պետության առջև ծառացող մարտահրավերներին դիմագրավելուն պատրաստ պետական ծառայողների կայուն բանակ ունենալը: Պարզ է, որ հեշտ չի լինելու: Սակայն  մենք տեսնում ենք` ինչպես կարող ենք հասնել դրանց` համատեղ ուժերով, հիմնվելով մեր արարող ու ստեղծագործ ժողովրդի ներուժի վրա: Զգացել ենք, որ անցած 10 տարիներին մենակ չենք եղել: Այսօր էլ մենակ չենք: Ուստի հավատում ենք մեր հնարավորություններին և անշեղորեն գնալու ենք այդ ճանապարհով` ի շահ և ի բարօրություն մեր պետականության:


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ