Սկսեց գործել քաղծառայության կրտսեր պաշտոնների համալրման նոր կարգը

 

Փետրվարի 7-ին ավարտվեց հունվարի 21-ին մեկնարկած` քաղաքացիական ծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման հավաստագիր ստանալու թեստավորման այս տարվա առաջին փուլը: Դիմումներ էին ներկայացրել  ընդհանուր առմամբ 331 քաղաքացիներ, սակայն նրանցից թեստավորմանը մասնակցել է 306-ը: Թեստային առաջադրանքները հաջողութ¬յամբ կատարել է  264 քաղաքացի, որոնք, սկսած փետրվարի 14-ից, ՀՀ ՔԾ Խորհրդից կստանան հավաստագեր:
Թեստավորումն անցկացվում է քաղծառայության կրտսեր թափուր պաշտոնների զբաղեցման համար: Այն նոր ընթացակարգ է, որը սահմանվել է <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններով: Ըստ դրանց` յուրաքանչյուր եռամսյակը մեկ անգամ ՀՀ քաղաքացիական ծառայության խորհուրդն անցկացնում է թեստավորում, որը հաղթահարած քաղաքացիներին տրվում են մեկամյա վավերականության ժամկետ ունեցող հավաստագրեր: Մեկ տարվա ընթացքում այդ հա¬վաս¬տագրերով նրանք կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված ցանկացած մարմնի աշխատակազմում առաջացած կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:

Մինչև նոր կարգի ներդրումը, յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի համար անցկացվում էր առանձին մրցույթ: Որպես կանոն, դրանց դիմում էին մեծ թվով երիտասարդներ, ովքեր մասնացկում էին նման մի քանի մրցույթների: Հավաստագրման թեստավորման առաջնահերթ նպատակն էր` հնարավորություն տալ այդ քաղաքացիներին, անցնելով մրցութային ընդամենը մեկ գործընթաց, դիմելու քաղծառայության համակարգում ընդգրկված 46 պետական մարմիններում մեկ տարվա ընթացքում առաջացող թափուր պաշտոններում նշանակմանը:
Թեստավորումն անցկացնում է Խորհրդի կողմից ստեղծվող թեստավորման հանձնաժողովը: Վերջինս համակարգչում նախօրոք զետեղված հարցաշարերից պատահական ընտրությամբ կազմում է թեստ` բաղկացած 50 հարցից (20 հարց` ՀՀ Սահմանադրությունից և 30 հարց` քաղաքացիական ծառայության օրենսդրությունից): Թեստը լրացնելու համար մասնակիցներին տրվում է 60 րոպե ժամանակ: Հավաստագիր ստանալու համար քաղաքացիները պետք է ճիշտ պատասխանեն առաջադրված հարցերի առնվազն 90 տոկոսին:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ