14/02/2011

Հանձնվեցին առաջին հավաստագրերը

   

Փետրվարի 14-ին, ՀՀ Քաղաքացիական ծառայության խորհուրդը, ի դեմս Խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի, հավաստագրեր հանձնեց 30 քաղաքացիների: Հունվարի 21-ից փետրվարի 7-ն ընկած ժամանակահատվածում նրանք մասնակցել են հավաստագիր ստանալու համար անցկացված թեստավորմանը և հաղթահարել այն: Այդ հավաստագրերով նրանք կարող են դիմել պետական 46 մարմինների աշխատակազմերում առաջացած կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
ՀՀ քաղաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանը շնորհավորեց հավաստագիր ստացողներին: <<Հույս ունենք, որ այն գիտելիքները, որոնք ցուցադրեցիք թեստավորման ժամանակ, լիարժեք կօգտագործեք հետագայում` քաղաքացիական ծառայության պաշտոններ զբաղեցնելիս: Որովհետև ձեզանից է կախված` որքանով որակյալ կլինի քաղաքացիական ծառայության համակարգը ու որքանով որակյալ կլինեն պետության անունից մեր քաղաքացիներին կմատուցվող ծառայությունները>>,-իր խոսքում նշեց Խորհրդի նախագահը
Առաջիկա օրերին ևս 234 քաղաքացի նման հավաստագրեր կստանան: Այս տարի ՀՀ ՔԾ Խորհուրդը ևս 3 անգամ անցկացնելու է հավաստագրման թեստավորում: Սա նոր ընթացակարգ է, որը սահմանվել է <<Քաղաքացիական ծառայության մասին>> ՀՀ օրենքում կատարված վերջին փոփոխություններով: Ըստ դրանց` եռամսյակը մեկ անգամ ՀՀ ՔԾԽ-ն անցկացնում է թեստավորում, որը հաղթահարած քաղաքացիներին տրվում են մեկամյա վավերականության ժամկետ ունեցող հավաստագրեր: Մեկ տարվա ընթացքում այդ հավաստագրերով նրանք կարող են դիմել քաղծառայության համակարգում ընդգրկված ցանկացած մարմնի աշխատակազմում առկա կրտսեր թափուր պաշտոններում նշանակվելու համար:
Մինչև նոր կարգի ներդրումը, յուրաքանչյուր կրտսեր թափուր պաշտոնի համար անցկացվում էր առանձին մրցույթ: Որպես կանոն, դրանց դիմում էին մեծ թվով երիտասարդներ, ովքեր մասնացկում էին նման մի քանի մրցույթների: Հավաստագրման թեստավորման առաջնահերթ նպատակն է` հնարավորություն տալ այդ քաղաքացիներին, անցնելով մրցութային ընդամենը մեկ գործընթաց, դիմելու քաղծառայության համակարգում ընդգրկված պետական մարմիններում մեկ տարվա ընթացքում առաջացող թափուր պաշտոններում նշանակվելու համար:

 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ