20/01/2012

ՀՀ քաղաքացիական ծառայության համակարգը և ՀՀ քաղաքացիական ծառայության
խորհուրդը 10 տարեկան են

Հայաստանի Հանրապետությունում քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակի կապակցությամբ հունվարի 20-ին ՀՀ կառավարության ընդունելությունների տանը տեղի ունեցավ պաշտոնական ընդունելություն, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ ՏԻԳՐԱՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար ՎԻԳԵՆ ՍԱՐԳՍՅԱՆԸ, մի քանի նախարարներ, քաղաքացիական ծառայության համակարգում ընդգրկված մարմինների աշխատակազմերի ղեկավարները, ոլորտի կայացմանն ու զարգացմանն աջակցած միջազգային ու տեղական հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև ՀՀ ՔԾ խորհրդի հետ համագործակցող գիտաուսումնական հաստատությունների ղեկավարներն ու ներկայացուցիչները:

Հայաստանի Հանրապետության վարչապետ Տիգրան Սարգսյանը քաղաքացիական ծառայության համակարգի ներդրման 10-ամյակին նվիրված իր խոսքում շնորհավորեց քաղաքացիական ծառայողներին համակարգի հոբելյանի կապակցությամբ` կարևորելով այս տասը տարվա ընթացքում համատեղ կատարած ծավալուն աշխատանքը, որի նպատակն է եղել նաև քաղաքացիական ծառայության ինստիտուտի միջոցով ամրապնդել պետականությունը: <<Պետությունը հենց քաղաքացիական ծառայողների միջոցով է շփվում քաղաքացիների հետ, մատուցում ծառայություններ, ուստի նրա բարձր վարկանիշը ցանկացած պետության համար ունի էական նշանակություն: Դա նշանակում է, որ մենք պարտավոր ենք քաղծառայողների համար ստեղծել այնպիսի պայմաններ, որպեսզի նրանք ի վիճակի լինեն այդ ծառայությունը մատուցել բարձր մակարդակով: Այս ընթացքում մենք ստեղծել ենք այն հենքը, որի վրա ապագայում պետք է կառուցվի եվրոպական բարձրակարգ չափանիշներին համապատասխանող քաղծառության ինստիտուտ»,-ասաց Տիգրան Սարգսյանը: Նա նաև նշեց համակարգի զարգացման հիմնական ուղղությունները: Խոսքը վերաբերում է համակարգում բարձրորակ կադրերի ներգրավմանը, քաղծառայողի պաշտոնեական առաջընթացին, նրա գիտելիքների պաշարի ավելացմանը նպաստող վերապատրաստման, քաղծառայողների խրախուսման ինստիտուտներին, ինչպես նաև նրանց սոցիալական պաշտպանության գործող կառուցակարգերի գործարկմանը: <<Առավել կարևորը, իհարկե, քաղծառայողի սոցիալական պաշտպանվածությունն է: Այս տարի մեր երկրում առաջին անգամ ներդրվել է սոցիալական փաթեթ, որն առաջին հերթին ուղղված է քաղծառայողների համար առավել բարենպաստ աշխատանքային պայմաններ ստեղծելուն>>,-ավելացրեց պարոն վարչապետը::

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը, շնորհավորելով ներկաներին համակարգի հոբելյանի առթիվ, հիշեց այն օրը, երբ Քաղաքացիական ծառայության խորհրդում կայացավ քաղծառայողի առաջին մրցույթը, հիշեց, թե ինչ հուզմունք էր համակել բոլորին. մեր հանրապետությունում նոր համակարգ էր ներդրվում...

<<Ես ձևավորված առաջին մրցութային հանձնաժողովում լինելու պատիվ եմ ունեցել և շատ պարզ հիշում եմ` ինչպիսի անհանգստությամբ ու ոգևորությամբ էինք անցկացնում այդ առաջին քննությունը` հավատալով, որ հիմք ենք դնում մի համակարգի, որը երկար տարիներ ծառայելու է մեր պետությանն ու ժողովրդին:  Իհարկե, անցած տարիները ցույց տվեցին, որ այս համակարգը, ինչպես ցանկացած համակարգ, չի կարող լինել կատարյալ: Այն նույնպես ունի բազմաթիվ թերություններ ու խնդիրներ, որոնք պարբերաբար վերանայվելու կարիք ունեն: Սակայն ակնհայտ է` եթե քաղծառայության համակարգը Հայաստանի Հանրապետությունում կառավարման մոդելը չվերածեց դրախտի, ապա փրկեց այն դժոխքի վերածվելու հնարավոր հեռանկարից, որը  անցումային երկրներին բնորոշ տարբերակ է>>:
Վիգեն Սարգսյանը հիշեցրեց նաև այս տարի ուժի մեջ մտած` <<Հանրային ծառայության մասին>> ՀՀ օրենքի մասին` հույս հայտնելով, որ Հայաստանում <<պետական ծառայող>> հասկացությունը հետզհետե ավելի ու ավելի կամրապնդվի և մենք կունենանք ավելի քիչ պաշտոնյաներ, ավելի շատ ծառայողներ:

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը ներկայացրեց ՀՀ Նախագահի հրամանագրերը մի շարք քաղծառայողների բարձրագույն դասային աստիճան շնորհելու մասին:

ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահ Մանվել Բադալյանն իր շնորհավորական խոսքում  մասնավորապես նշեց, <<Քաղաքացիական ծառայությունն իր նոր տասնամյակը դիմավորում է ապագային ուղղված, զարգացման ռազմավարական ու հայեցակարգային նոր ծրագրերով, որոնք պետք է համակարգը որակապես նոր հանգրվան հասցնեն: Այսօր արդեն մենք արդիականացման, մեր ենթակառուցվածքներն ու ընթացակարգերը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, քաղծառայության համակարգի համալրման, ուսուցման, քաղաքացիական ծառայողների համար պաշտոնեական առաջխաղացման, հաշվետվողականության բարձրացման նոր մեթոդներ ներդնելու խնդիր ենք հետապնդում>>:

Հայաստանում քաղաքացիական ծառայության 10-ամյակի կապակցությամբ  համակարգի ներդրման, կայացման և զարգացման գործում ունեցած ավանդի համար ՀՀ վարչապետի կողմից ՀՀ քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմի 2 քաղծառայող պարգևատրվեց հուշամեդալով, և 3 քաղծառայողներ արժանացան շնորհակալագրերի:

ՀՀ ՔԾ խորհրդի նախագահ Մանվել Բադալյանի կողմից 

Քաղաքացիական ծառայության խորհրդի հուշամեդալներով

պարգևատրվեցին 2 անձինք: բարձրագույն ուսումնական մի քանի

հաստատությունների ռեկտորներ, միջազգային և տեղական

ահսարակական կազմակերպությունների ներկայցուցիչներ, թվով

23 հոգի, արժանացան ՔԾ խորհրդի շնորհակալագրերի` համակարգի ներդրման, կայացման ու զարգացման

գործում ունեցած ավանդի համար:


 
Հայաստանի Հանրապետության Քաղաքացիական Ծառայության Խորհուրդ